Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ գործում է միջնադարյան խալիֆայության կանոններով
Տեղեկացնելով, որ սեպտեմբերի 26-ին Կարմիր խաչը երրորդ երկրին է հանձնել Հայաստանում և ԼՂՀ-ում գտնվող ռազմագերիներից վերջինին` «Голос Армении»-ն նշում է, որ Հայաստանը հետևողականորեն պահպանում է Միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, այնինչ` Ադրբեջանն ամեն կերպ խախտում է դրանք: Միևնույն ժամանակ թերթը տեղեկացնում է, որ անտառում ճանապարհը կորցրած և ադրբեջանցիների կողմից գերեվարված Թթուջուր գյուղի բնակիչ 20-ամյա Մանվել Սարիբեկյանի ծնողները հայց են ներկայացրել Մարդու իրավունքների միջազգային դատարան` Ադրբեջանի կողմից Միջազգայիան հումանիտար իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ: Նմանատիպ հայց է ներկայացնելու նաև մեկ այլ գերեվարված և այս տարվա մարտ ամսին հայրենիք վերադարձված Արթուր Բադալյանը: Վերջինս հայրենիք է վերադարձել դաժան տանջանքներից ու կտտանքներից հետո:
Թերթը նշում է, որ ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանը ոչ թե ռազմական գերիներ է պահում, այլ գերեվարում է հասարակ քաղաքացիների. «… և այս ամենից հետո Ադրբեջանը հանդգնում է գրեթե 20 տարվա անկախություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առաջարկել լայն ինքնավարություն, այսպես կոչված` եվրոպական ինքնավարություն, այն դեպքում, երբ ինքը` Ադրբեջանը, միջնադարյան ասիական բարքերով ապրող երկիր է»,- գրում է թերթը: