Սերժ Սարգսյանը Սփյուռքին. Ձեր գոյությամբ Հայաստանի համար անփոխարինելի եք
Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սարգսյանի վերջին կանգառը Փարիզի քաղաքապետարանն էր: Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, այստեղ հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի հետ, որից հետո նրանք հանդիպել են Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը ողջույնի խոսքով դիմել է Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեին ու ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին: Ստորև ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի ելույթի ամբողջական տեքստը:
«Հարգարժա՛ն պարոն քաղաքապետ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ ընկերոջս՝ Նախագահ Սարկոզիի հրավերով, որի դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում բարձր եմ գնահատում, բարեկամ Ֆրանսիայում գտնվելու համար և շնորհակալ եմ Փարիզի քաղաքապետին՝ հրավերի ու ջերմ ընդունելության համար:
Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարություններն այս օրերին զուգակցվում են բարեկամ Ֆրանսիայի հետ բարձր մակարդակի ինտենսիվ շփումներով, ինչը կրկնակի հաճելի է մեզ համար:
Մեր ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, սակայն Հայաստանի անկախությունից ի վեր այդ բարեկամությունը վերաձևակերպվեց որպես երկու պետությունների սերտ ու վստահելի համագործակցություն: Անցած երկու տասնամյակները նշանավորվել են հայ-ֆրանսիական կապերի վերընթաց զարգացմամբ բոլոր մակարդակներում և բոլոր ոլորտներում՝ քաղաքական կանոնավոր երկխոսություն, միջխորհրդարանական կապեր, ապակենտրոնացված համագործակցություն, տնտեսական, մշակութային, կրթական և այլ բնագավառներ:
Մի քանի օրից սպասում ենք Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարելիք պետական այցին, ինչն առանցքային իրադարձություն է հայ-ֆրանսիական հարաբերություններում: Ոգևորված եմ նաև Ֆրանսիայի նախագահի հետ երեկ կայացած մեր հանդիպումից, որտեղ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Թուրքիայի ԵՄ անդամակցության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցերում հստակ դիրքորոշման և կեցվածքի համար:
Մեր բազմաբնույթ համագործակցության օրակարգում իր առանձնահատուկ տեղն ունի Հայաստանի և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև հաստատված ակտիվ գործակցությունը: Ներկայում Հայաստանի և Ֆրանսիայի քույր քաղաքների, դեպարտամենտների և շրջանների ցանցն ընդգրկում է շուրջ 30 գործընկերային կապեր, որոնց շրջանակներում տարբեր բնագավառներում ամեն տարի իրականացվում են մի քանի տասնյակ համատեղ ծրագրեր:
Մենք հատկապես կարևորում ենք մեր մայրաքաղաքների` Երևանի և Փարիզի միջև ընթացող համագործակցությունը և այդ շրջանակում քաղաքապետ Դելանոեի գործունեությունը, ում օրոք Երևանի և Փարիզի միջև համագործակցությունը նոր բովանդակություն ստացավ` ներառելով նորանոր բնագավառներ ու ծրագրեր:
Փարիզի կենտրոնական հատվածներից մեկում Կոմիտաս վարդապետի արձանի տեղադրումը և Երևանի պուրակի հիմնումն իսկապես մեծ հպարտություն է բոլոր հայերի համար, որտեղ էլ նրանք բնակվեն:
Իհարկե, տեղյակ ենք նաև, որ այս տարի Փարիզի քաղաքապետարանն իր հյուրընկալ դռներն էր բացել հայության և Ֆրանսիայի հասարակական շրջանակների առջև` Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության հետ համատեղ տոնելու Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանը, ինչի համար հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը:
Ողջույնի խոսքս եմ ուզում հղել նաև այստեղ ներկա մեր հայրենակիցներին:
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Մենք շատ լավ հասկանում ենք, որ այսօր գոյություն ունեցող հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերություններում մեծ է նաև ձեր ավանդը: Առաջին հերթին ձեր շնորհիվ է, որ ֆրանսիացու համար օտար չեն հայ և Հայաստան բառերը։ Ձեր` Ֆրանսիայի օրինակելի քաղաքացու համբավի շնորհիվ է, որ շատ ու շատ ֆրանսիացիներ հայերի հանդեպ հարգանք ու վստահություն են տածում ու Հայաստանը համարում բարեկամ երկիր: Դուք յուրօրինակ կամուրջ եք երկու ժողովուրդների և երկրների միջև, և ես կցանկանայի, որ այդ կամուրջը միշտ ամուր և անսասան լիներ։ Իմ անկեղծ ցանկությունն է նաև, որ ձեր զավակներն ու նրանց սերունդները հետևեն ձեր օրինակին` լինելով Ֆրանսիայի արժանի քաղաքացի և վառ պահելով հայկական ինքնությունը, իրենց նպաստը բերեն հայ-ֆրանսիական բարեկամությանն ու համագործակցությանը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք շատ հաճախ կյանքում ինքներս էլ չենք գիտակցում, թե ինչ նշանակություն ունենք մեր հարազատների, մեր զավակների կամ մեր բարեկամների համար: Եվ դա բնական է: Բնական է, քանի որ երբ դու ապրում ու արարում ես, երբ քո լինելով ու քո գործով դառնում ես անփոխարինելի մեկը ընտանիքիդ ու շրջապատիդ համար, դու իրականում չես էլ մտածում դրա մասին ու այդ նպատակը չես էլ հետապնդում: Այ, ճիշտ այդպես էլ հայրենիքի համար դուք եք, սիրելի՛ քույրեր և եղբայրներ: Եվ ամենևին էլ կարևոր չէ՝ դուք նպատակ ունեցե՞լ եք ձեր գործերով ու քայլերով անփոխարինելի մեկը լինել հայրենիքի համար, թե պարզապես արել և անում եք այն, ինչին հավատացել եք կամ ձեր պարտքն եք համարել: Փաստն այն է, որ ձեր գործերով կամ պարզապես ձեր գոյությամբ դուք Հայաստանի համար, մեզ բոլորիս համար անփոխարինելի մարդիկ եք, անկախ այն բանից՝ մեր տեսակետները մշտապես համընկնում են, թե ոչ: Եվ այդ ամենի համար ես ձեզ, իհարկե, հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը:
Շնորհակալություն, որ դուք կաք, շնորհակալություն, որ ձեր զավակներն իրենց հայ են ասում, որ այդքան մեծ նշանակություն ունեք մեր ժողովրդի դարերի երազանքի իրականացումը մարմնավորող անկախ հայրենիքի համար: Աստված ձեզ պահապան:
Հարգելի՛ պարոն Դելանոե,
Մենք սիրով սպասում ենք Ձեզ Երևանում այս տարվա հոկտեմբերին՝ Ձեր գլխավորած Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի Գլխավոր Ասամբլեայի տարեկան նիստին:
Կրկին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս հյուրընկալության համար և վստահ եմ, որ Երևան և Փարիզ քույր-քաղաքների հարաբերությունները զարգանալու են առաջանցիկ տեմպերով:
Շնորհակալ եմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա