ԼՂ հարցով զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ-ն և ոչ թե ՄԱԿ-ը. ՌԴ ԱԳ ներկայացուցիչը «տեղն է դրել» ադրբեջանցի լրագրողին
Քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի ասուլիսում ադրբեջանից լրագրողը իր հարցերի պատճառով նկատողություն ստացավ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում հեռարձակվող ասուլիսում հարցի իրավունք խնդրելով, լրագրողը նախ նկատեց, որ Միավորված Ազգերի կազմակերպությունը 4 բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցով, որի «պահանջները մինչ այժմ չեն կատարվել Հայաստանի կողմից, իսկ միջազգային հանրությունը լռություն է պահպանում», այնուհետև ոգևորված հավելեց. «Արդեն 20 տարուց ավել մենք լարվածության մեջ ենք ապրում, ի վերջո դրա վերջը պետք է տրվի՞, թե՞ ոչ: Կա երկու կողմ` մեկը օկուպանտ, մյուսը տուժած, որտե՞ղ է արդարությունը»:
Լուկաշևիչը այս հայտարարությունից հետո նկատողություն արեց ադրբեջանցի լրագրողին, ասելով. «Ես հասկանում եմ ձեր զգացմունքները, բայց ես արդեն զգուշացրել եմ ձեր գործընկերներին, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ասուլիսներին պետք է կոռեկտ արտահայտվել, փորձել նման հռետորաբանություն չօգտագործել, պահպանել էմոցիաները, հավասարակշռությունը, էթիկան, որը հատուկ է բանակցային գործընթացին»:
Այնուհետև անդրադառնալով բուն հարցին, Լուկաշևիչն ասաց, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումները խորհրդատվական բնույթ ունեն: «Եվ ի վերջո Լեռնային Ղարաբաղի խնդրով խորությամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը և համանախագահները, այլ ոչ թե ՄԱԿ-ը»:
ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչը նաև ասաց, որ բանակցություններ վարելը ընդհանրապես դժվար գործ է, և հետևաբար դժվար է նաև հիմնախնդրի արագ ու հեշտ լուծման հասնելը:
«Ռուսաստանը և Մինսկի խմբի մեր գործընկերները` ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ձեռնարկում են և ձեռնարկելու են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի մոտեցնեն այն պահը, երբ կողմերը կկարողանան պայմանավորվել հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ: Եվ բնական է` Ռուսաստանն ավելի շատ է շահագրգռված, որ տարածաշրջանում կայունությունը վերականգնվի, անվտանգությունը երաշխավորվի և որ մենք խոսենք ավելի շատ համագործակցության ձևերի մասին և չզբաղվենք հռետորաբանությամբ ու չանենք անվտանգությանը վերաբերող լուրջ հայտարարություններ», -հարցի պատասխանը այսպես եզրափակեց ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին