Ամերիկյան համալսարանը 20 տարեկան է. Շնորհավորել է վարչապետը
Հայաստանում ամերիկյան համալսարանի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանն այսօր մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Տ.Սարգսյանը, ինչպես Panorama.am-ին հայտնեցին Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր խոսքում հայտարարել է, որ ՀՀ անկախության 20-ամյակի համադրումը ամերիկյան համալսարանի 20-ամյակի հետ ունի հետևյալ խորհուրդը` «ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում մեր անկախ պետականության ամրապնդման հիմնական գործիքը պետք է լինի գիտելիքը»:
Վարչապետը գոհունակություն է հայտնել նաև, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանն ունի Միացյալ Նահանգների արտոնագիր, ինչը վկայում է, որ այն այսօր գործընթացներն իրականացնում է ԱՄՆ-ում ընդունված չափանիշներին համապատասխան: Ընդգծելով, որ տարածաշրջանում Հայաստանի Ամերիկյան համալսարանի առկայությունը մեր երկրի հարաբերական առավելություններից է, կառավարության ղեկավարն ասել է.
«Մենք պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք համալսարանի գործառույթների ընդլայնման առումով` հասկանալով, որ ապագա մրցակցության մեջ մենք կարող ենք հաղթել` տաղանդաշատ երիտասարդներին կրթելով»:
Տ.Սարգսյանի որոշմամբ համալսարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ և կրթության ու գիտության բնագավառներում ներդրած ակնառու ավանդի համար ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետի պրոֆեսոր, «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Յուրի Սարգսյանը պարգևատրվել ՀՀ վարչապետի հուշամեդալով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան