Հայաստանում մահացության կառուցվածքում սրտանոթային հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը
Սրտի հիվանդությունները ողջ աշխարհում մահվան հիմնական պատճառն են` խլելով տարեկան 17.3 մլն կյանք: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը և դրանցով պայմանավորված մահացությունը խորացող խնդիր են: Դրանք ծանր բեռ են առողջապահության համակարգի համար: Նշենք, որ երեկ սրտի համաշխարհային օրն էր:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, 2010 թվականի վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում մահացության կառուցվածքում սրտանոթային հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը` կազմելով մոտ 50% /49.03/: Այդ հիվանդությունների զարգացմանը նպաստում են մի շարք գործոններ, ինչպիսիք են ավելորդ քաշը և ճարպակալումը, ծխախոտի օգտագործումը, ֆիզկական թերակտիվությունը և այլն:
Հայաստանում սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման մեթոդների վերլուծության համեմատությունը միջազգային լավագույն փորձի հետ ցույց է տվել, որ հիվանդությունների վաղ հայտնաբերման համար անհարժեշտ է բարձրացնել հանրային իրազեկումը, ինչը հատկապես մեծ ազդեցություն կունենա հիվանդության բեռը նվազեցնելու գործում, քանի որ ապացուցողական բժշկության տվյալներով վաղ փուլում նպատակային բուժում ապահովելը և ապրելակերպին առնչվող ռիսկի գործոնները կրճատելու հարցում մարդկանց կրթելը զգալիորեն հետաձգում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը և մեղմում դրանց բարդությունները:
Այժմ ՀՀ առողջապահության նախարարությունում ոչ վարակիչ հիվանդությունների և հատկապես սրտանոթային հիվանդությունների զսպման դեմ ուղղված քայլեր են ձեռնարկում: 2012 թվականից նախատեսվում է միջոցառումներ իրականացնել հանրության իրազեկման բարձրացման համար, ներդնել սկրինինգային ծրագրեր և կիրառել այլ կանխարգելիչ միջմտություններ:
Այս տարի մշակվել և հաստատվել է «ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ռազմավարությունը, որի նպատակներն են կանխարգելել և/կամ հետաձգել սրտանոթային հիվանդությունների առաջացումը` բնակչության բոլոր խավերում հավասարապես, նվազեցնել այդ հիվանդությունների բարդությունները` նպատակ ունենալով առավելագույնի հասցնել հիվանդների և նրանց ընտանիքների բարեկեցությունն ու կյանքի որակը և այլ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա