Հայ հեղինակի ֆիլմը կմասնակցի Պուսանի միջազգային կինոփառատոնում
Միքայել Վաթինյանի «ԺԱՆՆԱՆ և ՁԱՅՆԵՐԸ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որին աջակցել է նաև «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը, ունենալու է համաշխարհային պրեմիերա Պուսանի միջազգային կինոփառատոնում:
Ռեժիսոր Միքայել Վաթինյանի և պրոդյուսեր Արմինե Անդայի «ԺԱՆՆԱՆ և ՁԱՅՆԵՐԸ» լիամետրաժ գեղարվեստական կինոնախագիծը դեռ 2007 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» կինոֆորումի մասնակից էր:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայության հաղորդմամբ, այդտեղից էլ այն բոլոր ռեգիոնալ նախագծերից ընտրվեց մասնակցելու և ներկայացվելու Պուսանի միջազգային կինոփառատոնի համատեղ արտադրության կինոպլատֆորմին:
Այն առաջին հայկական կինոնախագիծն էր, որ ներկայացվեց Պուսանում, միանգամից ստանալով նաև մրցանակ` Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի, Պուսանի միջազգային կինոփառատոնի և ասիական կինոշուկայի կողմից: Կինոնախագիծը հրավիրվեց ներկայացվելու շատ բարձրակարգ կինոփառատոներում:
Ֆիլմն իրականացվեց «Հոշկի ֆիլմ» կինոընկերության կողմից` Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի, զարգացվելով նաև Եվրոպական աուդիովիզուալ նախաձեռնության շրջանակներում, որտեղ դարձյալ առաջին հայկական կինոնախագիծն էր:
Ֆիլմի հիմնակազմը սցենարի հեղինակ և ռեժիոր Միքայել Վաթինյանից ու համա-սցենարիստ, պրոդյուսեր, և գլխավոր դերակատար Արմինե Անդայից բացի ընդգրկում է բեմադրող օպերատոր Թամամ Համզային /Սիրիա/, բեմադրող նկարիչ Իվանա Կրչադինացին /Սերբիա/, կոմպոզիտոր Արթուր Մանուկյանին, որը նաև ռեժիսորի անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի` ԲՈԺՈ-ի կոմպոզիտորն է:
2011 թվականի հոկտեմբերին, աշխարհից ընտրված 10 լիամետրաժ ֆիլմերի շարքում «ԺԱՆՆԱՆ և ՁԱՅՆԵՐԸ» ֆիլմը կունենա համաշխարհային պրեմիերա Հարավային Կորեայում` աշխարհի ամենահեղինակավոր և ամենակարևոր փառատոներից մեկի` Պուսանի միջազգային կինոփառատոնի Flash Forward /Մեջբերում ապագայից/ մրցույթում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները