Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբը 85 տարեկան է. Նվագախմբի հոբելյանին նվիրված գլխավոր համերգը՝ այսօր
Այս տարի լրանում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի /ՀՊՖՆ/ հիմնադրման 85-ամյակը: Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրվում է նվագախմբի 85-ամյա հոբելյանին:
Նվագախմբի հոբելյանին նվիրված գլխավոր միջոցառումն այսօր կայանալիք համերգն է. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհի բազմաթիվ հեղինակավոր երաժշտական մրցույթների առաջին մրցանակակիր, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահար Դայշին Կաշիմոտոն, ով նախորդ տարիներին ևս իր մասնակցությունն է բերել փառատոնին: Հոբելյանական համերգին որպես մենակատար հանդես կգա նաև անվանի թավջութակահար, Լոնդոնի արքայական երաժշտական դպրոցի պրոֆեսոր Ալեքսանդր Չաուշյանը:
Նշենք, որ Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է օրեր առաջ: Արդի համաշխարհային դասական երաժշտարվեստի շուրջ 15 կարկառուն ներկայացուցիչներ մասնակցում են փառատոնի 10 սիմֆոնիկ և կամերային համերգներից բաղկացած ծրագրին: Հոբելյանական փառատոնի համերգաշարն ուղեկցվում է Արամ Խաչատրյան համերգասրահում բացված լուսանկարչական ցուցահանդեսով, որը ներկայացնում է հայ դասական երաժշտարվեստի անվանի գործիչների արխիվային լուսանկարները, ինչպես նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկայիս գործունեությունը: Հոբելյանական փառատոնի ծրագիրը կեզրափակվի հոկտեմբերի 12-ին, իսկ նվագախմբի 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները կամփոփվեն տարվա ավարտին` գալա համերգով:
Նշենք, որ փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են