Հայաստանում մեկնարկել է գրական մեկամսյակ
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Երևանում և ՀՀ մարզերում հոկտեմբերին անցկացվելու է գրական մեկամսյակ. հանդիպումներ, համաժողովներ, ընթերցումներ, թեմատիկ բանավեճեր, քննարկումներ, որակավորման դասընթաց, մրցանակների շնորհման արարողություն և այլն: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ մշակույթի նախարարությունից:
Գրական այս գործընթացներին, ի թիվս հայ գրողների և հրատարակիչների իրենց մասնակցությունն են բերելու նաև գրողներ և հրատարակիչներ եվրոպական և ԱՊՀ մի շարք երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իրանից և այլն: Գրական մեկամսյակի նպատակն է խթանել գրականությունների փոխադարձ ներթափանցումը, միջազգային համագործակցությունն ու մշակութային փոխճանաչումը: Այն նաև հնարավորություն կընձեռի հայ գրողների արտերկրի գրչակիցներին առավելագույնս ճանաչելու Հայաստանը, ծանոթանալու հայ մշակույթին և արդի գրական զարգացումներին:
Գրական մեկամսյակի մեկնարկը տրվել է երեկ՝ Մեղրիում «Հայ- իրանական բարեկամության օրեր» միջոցառմամբ, որի շրջանակում մինչև հեկտեմբերի 3-ը անցկացվելու է հայ-իրանական գրականության օրեր: Հոկտեմբերի 5-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում անցկացվելու է ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջ. և հանրապետական մրցույթների դիպլոմների հանձնման արարողությունը, հոկտեմբերի 5-25-ը` Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում` «Դարձ առ գիր» գրքարվեստի միջազգային 2-րդ փառատոնը, իսկ հոկտեմբերի 7-ին Հայաստանի բոլոր մարզերում կնշվի «Գրադարանավարի օրը»: Հոկտեմբերի 8-ին «Սասնա ծռեր» էպոսին նվիրված միջոցառում է անցկացվելու Արագածոտնի մարզի Ուջան համայնքում, ինչպես նաև Օշականում նշվելու է Թարգմանչաց տոնը, որի շրջանակներում կայանալու է գրական թարգմանիչների հավաք և «Կանթեղ» թարգմանական մրցանակի շնորհման արարողությունը:
Հոկտեմբերի 11-15-ը անցկացվելու է «Օտարագիր գրողների 3-րդ համաժողովը», որին իրենց մասնակցությունն են բերելու շուրջ 35 գրողներ` Կանադայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից և այլ երկրներից:
Հոկտեմբերի 19-28-ը՝ «Գրական տապան. 10 տարի անց» ծրագրին մասնակցեելու են շուրջ 25 գրողներ եվրոպական երկրներից` Հոլանդիայից, Գերմանիայից, Բելգիայից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Իտալիայից, Շվեդիայից, Ռումինիայից և Սլովակիայից:
Հոկտեմբերի 24-25-ը Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ կազմակերպվելու է ԱՊՀ երկրների հրատարակիչների որակավորման բարձրացման դասընթացներ, որին մասնակցելու է շուրջ 20 հրատարակիչներ Հայաստանից և ԱՊՀ երկրներից: Սեմինարները վարելու են գերմանացի մասնագետները:
Հոկտեմբերի 26-28-ը անցկացվելու է արդեն ավանդական դարձած «ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 5-րդ համաժողովը», որին այս տարի ԱՊՀ երկրներից կմասնակցեն ավելի քան 60 թարգմանիչներ և հրատարակիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են