«Եվրոպական ժառանգության օրեր». Բազմաբնույթ միջոցառումներ մայրաքաղաքի ու մարզերի մշակույթի օջախներում
Այսօր Հայաստանում մեկնարկում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը, որն անցկացվում է «Գրավոր ժառանգություն» խորագրի ներքո: Թեմայի ընտրությունը պայմանավորված է 2012 թ. նախանշված երկու կարևոր մշակութային իրադարձություններով` Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակմամբ:
Հայաստանի ողջ տարածքում կազմակերպվելու են մշակութային միջոցառումներ. շուրջ 24 թանգարաններում, 10 հուշարձանների տարածքներում և բազմաթիվ այլ վայրերում բացվելու են ցուցադրություններ, անցկացվելու են դասախոսություններ:
Միջոցառումների ծրագիրը ներառում է այցելություններ այն հուշարձաններ ու վայրեր, որտեղ պատմականորեն ձևավորվել ու գործել են հայ գրչության ու կրթամշակութային կենտրոններ, միջնադարյան գրադարաններ ու համալսարաններ: Մասնավորապես, Նորավանքում, Հերմոնի վանքում, Գոշավանքում, Շատինավանքում կկազմակերպվեն ցուցադրություններ և դասախոսություններ: 2012 թ. երկու խոշոր մշակութային իրադարձություններին ընդառաջ` Եվրոպական ժառանգության օրերը` լավագույն հարթակ է հանդիսանում արժևորելու հայ գրավոր ժառանգության ակունքներն, ընդգծելու գրավոր խոսքի` հաղորդակցության գլխավոր միջոցի դերն ու նշանակությունը տարածության ու ժամանակի մեջ:
Ավանդաբար միջոցառումն անցկացվում է երկու օր, սակայն բազմաբնույթ միջոցառումների առատությունը հնարավորություն է ընձեռում օրերն անցկացնելու հոկտեմբերի առաջին տասնօրյակում: Եվրոպական ժառանգության օրերի փակման արարողությունը տեղի կունենա Հին Գորիս բնակատեղիում, հոկտեմբերի 9-ին:
Եվրոպական մշակութային կոնվենցիան վավերացրած 52 պետություններ` 1985 թվականից ի վեր մասնակցում են Եվրոպական Խորհրդի և Եվրոպական Հանձնաժողովի համատեղ այս միջոցառմանը, որն անցկացվում է սեպտեմբերին: Հայաստանը Եվրախորհրդին միացել է 2001թ., իսկ Եվրոպական ժառանգության օրերին մասնակցում է 2003թ.:
Նշենք, որ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարան այսօր բացվելու է (ժամը 18:00) «Հայերեն առաջին հնատիպ գրքեր», Հայաստանի ազգային պատկերասրահում` (ժամը 15:00) «Հայաստանի ազգային պատկերասրահի հրատարակումները» ցուցադրությունները: Հայաստանի ազգային պատկերասրահում (հոկտեմբերի 4, 6, 8, ժամը 15:30) բացվելու է «Եվրոպական գիրքը հայ նկարչի ձեռքով» (Ինտերակտիվ էքսկուրսիա 8-16 տարեկան երեխաների համար) ցուցադրություն:
Մ. Սարյանի տուն-թանգարանում այսօր (ժամը 14:00) տեղի է ունենալու Գրական-երաժշտական երեկո` «Սարյանի գրական շրջապատը» խորահրով, իսկ վաղը զեկույց են կարդալու «Սարյան-Խաչատրյան, երբ գույնը դառնում մեղեդի, մեղեդին` գույն» թեմայով և ցուցադրվելու է տեսահոլովակ:
Հովհաննես Թումանյանի թանգարանում այսօր ցուցադրվելու է Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի եվրոպական գրականության բացառիկ նմուշները (Շեքսպիր, Սերվանտես, Շիլլեր, Բայրոն և այլն):
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են