Բաքվում քարերով հարձակվել են հայ բռնցքամարտիկների վրա. Գաբրիելյանը հաստատում է
Բաքվում ընթացող աշխարհի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամների վրա հարձակում է տեղի ունեցել: Այդ մասին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած լուրը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաև Բաքվում Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը:
Նշենք, որ ադրբեջանական qafqazinfo.az աղբյուրը տեղեկացրել էր, որ Բաքվում ընթացող աշխարհի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկներից մեկի` ռինգ դուրս գալու ժամանակ այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամները, ներխուժելով Հ. Ալիևի անվան մարզական համալիր սկսել են քարեր նետել հայազգի մարզիկների ուղղությամբ:
Ադրբեջանական լրատվամիջի հաղորդմամբ, հայ բռնցքամարտիկի` ռինգ դուրս գալուն զուգահեռ նրանք բացականչել են «Հայեր, հեռացեք», «Ամոթ հրավիրողներին», «Ղարաբաղ կամ մահ» լոզունգները` ռինգ նետելով քարերի մեծ կույտ: Մրցումները ստիպված են եղել դադարեցնել, հայ բռնցքամարտիկն ու ժյուրիի կազմը լքել են մարզադահլիճը:
«Հիմա ամեն ինչ նորմալ է, մեր բռնցքամարտիկները ոչ մի վնասվածք չեն ստացել, բայց ընդհանուր ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմից ճնշում կա», -հավելեց պարոն Գաբրիելյանը: