Բաքվում գտնվող հայկական պատվիրակությունը վախենալո՞վ է հերքում հարձակման մասին լուրերը
Այսօր տարբեր լրատվամիջոցներ գրել են, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հերքում է Բաքվում Հայաստանի հավաքականի անդամների վրա հարձակման փաստը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին panorama.am-ին Բաքվում Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար հաստատել էր ադրբեջանական տեղեկատվական կայքերի այն տեղեկատվությունը, որ հայ բռնցքամարտիկները, ովքեր այս օրերին մասնակցում են Բաքվում կազմակերպված աշխարհի առաջնությանը, հարձակման են ենթարկվել, այսպես կոչված, Ղարաբաղի ազատագրության կազմակերպության (ՂԱԿ) մի շարք ներկայացուցիչների կողմից` Հելդար Ալիևի անվան մարզահամերգային համալիրում:
ՂԱԿ-ի ղեկավար Ակիֆ Նագիի խոսքերով` իրենք այս ակցիային արդեն մի քանի օր են պատրաստվում: «Մենք իմացանք, որ հայ բռնցքամարտիկները պետք է ռինգ մտնեն: Հենց տեսանք նրանց, սկսեցինք քարկոծել: Հետո հանդիպեցինք ոստիկանության դիմադրությանը: Մեր կազմակերպության 7 անդամներ տարվել են ոստիկանություն»,- ասել է Նագին:
Այդ մարդը հայտարարել է նաև, որ իրենք ցանկանում էին խանգարել հայերին, որպեսզի չմասնակցեն մրցումներին և չմնան Ադրբեջանում: «Եթե նրանք չլսեն մեզ, ստիպված կլինենք անցնել ծայրահեղ ակցիաների»,- ավելացրել է նա:
Azerisport.com-ը, հենվելով Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության աշխատակիցների խոսքերի վրա, շեշտել է, որ «փորձեր են արվել` տարբեր առարկաներ նետելու մարզիկների վրա, սակայն նրանք (ՂԱԿ-ի ակտիվիստները-խմբ.) ռինգից հեռու էին նստած և ուղղակի չէին կարող հարվածել բռնցքամարտիկներին»:
Այս ամենից հետո հանկարծ տեղեկություններ են տարածվում, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, հենվելով կազմակերպության փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի խոսքերի վրա (նա, ի դեպ, այժմ, Բաքվում է գտնվում), հերքել է այդ լուրերի իսկությունը` անվանելով դրանք անհասկանալի աղմուկ…
Աղմուկը, սակայն, անհասկանալի չէ: Ուրեմն` մի բան եղել է, և այնպիսի բան է եղել, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ստիպված են եղել արձանագրել, թեպետ շատ կուզեին խուսափել դրանից` իրենց երկրի պատիվը ևս մեկ անգամ ցեխի հետ չհավասարեցնելու համար: Ավելին` այդ երկրի ֆեդերացիայի ներկայացուցիչները հաստատել են այդ փաստը: Անհասկանալին այն է, որ հերքմամբ հանդես է գալիս ոչ թե ադրբեջանական, այլ հայկական կողմը: Ստացվում է, որ մերոնք ստիպված են նման հայտարարություն կատարում, որպեսզի Ակիֆ Նագին հրաժարվի՞ իր խոստացած «ծայրահեղ ակցիաներից»: Բացառված չէ, որ Դերենիկ Գաբրիելյանն հարկադրված է նման հայտարարություն կատարել, քանի որ նրան «խնդրել» են այդպես վարվել: Որպես պատվիրակության ղեկավար` նա շահագրգռված է հայ մարզիկների անվտանգության ապահովման հարցում, և կարելի է մտածել, որ այս հայտարարությամբ փորձել է մարել «բռնկվող» կրակը:
Սրանք, իհարկե, ենթադրություններ են, որոնք իրականությանը մոտ են թվում, քանզի, կրկնում ենք, Ադրբեջանի ֆեդերացիան հանդես չի եկել հերքմամբ: Եվ եթե այս պատմության մեջ անհասկանալի որևէ բան կա, ապա այն պետք է փնտրել ոչ թե բարձրացված աղմուկի, այլ լրիվ ուրիշ հարթության մեջ: Իսկ այդ հարթությունն ընդամենը մեր մարզիկների անվտանգության խնդրի լուծումն է ցանկացած միջոցով…
Նախորդող նորություն` Բաքվում քարերով հարձակվել են հայ բռնցքամարտիկների վրա. Գաբրիելյանը հաստատում է
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ