«Գործարարները սովորություն չունեն ներդրումներ անել կրթության ոլորտում, մինչդեռ պահանջում են որակյալ ու կրթված աշխատողներ»
Եվրոպական Միության պատվիրակությունը և ՀՀ ԿԳՆ այս ամիս համատեղ բացելու են 3-4 բարեկարգված ու վերազինված քոլեջներ: Սա ԵՄ շարունակական ջանքերի արդյունքն է, որ խթանում է Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումները: Այս մասին ասուլիսում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ ԵՄ վերջին ութ տարիների ընթացքում ակտիվորեն աջակցում է Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումներին` հիմնական թիրախ ընտրելով մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը: Այս համակարգի բարեփոխումների համար ԵՄ-ի ոլորտային քաղաքականության աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանին Եվրոպական Հանձնաժողովի կողմից այս տարվա հունիսին տրամադրվել է բյուջետային աջակցություն` 5 միլիոն եվրո: «Մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխման շարունակության և զբաղվածության հայեցակարգի մշակում» ծրագրի իրականացման նպատակն է բարձրացնել կրթության ոլորտը և դարձնել ավելի համապատասխան աշխատաշուկայի և անհատներին կարիքներին:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերն ասաց, որ այս ծրագրի համար հատկացվել է 30 միլիոն եվրո, այս տարվա համար` 15 միլիոն: Այս ծրագրի նպատակն է բարեկարգել մասնագիտական կրթության որակը Հայաստանում, քանի որ մասնագիտական կրթության որակը շատ կարևոր տարր է տվյալ տարածաշրջանի զարգացման համար:
Ա. Աշոտյանն ասաց, որ ծրագրի շրջանակներում 12 միջին ու նախնական հաստատություններ են վերակառուցվել կամ դեռ վերակառուցվում են ու վերազինվում: «Մինչև տարեվերջ այդ բոլորը պատրաստ կլինեն բացման որպես նոր ուսումնական հաստատություններ: Այդ քոլեջներն արդեն կոչվելու են տարածաշրջանային քոլերջներ»,- ասաց նախարարը:
Նա նաև նշեց, որ իրականացվել է նաև այդ ոլորտում դասավանդող մանկավարժների վերապատրաստում: «Վերազինված քոլեջների նպատակն է սպասարկել կոնկրետ տարածաշրջանի տնտեսական ոլորտը, այսինքն` պատրաստել գիտելիքներով օժտված մասնագետներ, որոնք իրենց աշխատանքով կնպաստեն տարածաշրջանի տնտեսական զարգացմանը»,- ասաց Ա. Աշոտյանը: Նախարարը նաև ասաց, որ հաջորդ տարվանից միջին մասնագիտական կրթության ոլորտում 50 տոկոսից ավելացվելու է պետպատվերների տեղերը, տեղեկացրեց նաև, որ քոլեջներ ընդունվելու համար քննություն չեն հանձնելու: «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի երիտասարդները Հայաստանում ընտրեն այնպիսի մասնագիտություն, որ ավարտելուց հետո աշխատանք գտնեն տնտեսության ոլորտում»,- նշեց Ա. Աշոտյանը:
Կրթության ոլորտի պատասխանատուն նաև ասաց, որ այսօր Հայաստանում գործարարները դեռևս սովորություն չունեն գումարներ ներդնել կրթության ոլորտի զարգացման համար, մինչդեռ իրենց ձեռնտու է ունենալ որակյալ ու կրթված աշխատողներ: Նա կոչ արեց հայաստանյան գործարարներին ներդրումներ անել կրթության ոլորտում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին