Մեկնարկել է Gaudeamus ուսանողական կինոփառատոնը
Մեկնարկել է ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի և «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի նախաձեռնած Gaudeamus (Գաուդեամուս) ուսանողական կինոփառատոնը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ոսկե ծիրանի» համատեղ նոր նախագծի շրջանակներում` բուհերում կկազմակերպվեն փառատոնային ֆիլմերի ցուցադրություններ:
«ՎիվաՍել» ընկերության հաղորդմամբ, փառատոնի նպատակն է միջազգային կինոարվեստի ամենանշանավոր նմուշները հնարավորինս հասանելի դարձնել հայ հանդիսատեսին և, մասնավորապես, երիտասասարդությանը: Ծրագրի ստեղծման հիմք է հանդիսացել այն փաստը, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ամեն տարի անց է կացվում հուլիս ամսին՝ համընկնելով ուսանողների ամառային արձակուրդների հետ: Արդյունքում` նրանք զրկվում են ՙՈսկե ծիրան՚ փառատոնում ներկայացված ֆիլմերին ծանոթանալու հնարավորությունից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ոսկե ծիրան»-ը բարձր են գնահատում անհատի, և ընդհանուր առմամբ` ազգի ձևավորման գործում գեղագիտական և մշակութային կրթության կարևորությունը: Gaudeamus ուսանողական կինոփառատոնը կնպաստի բուհերում գործնական գիտելիքների և գեղագիտական կրթության համադրմանը: Հարցն այսօր առավել քան արդիական է այն պարզ պատճառով, որ, ակադեմիական կրթական համակարգի հիմնական թիրախը դարձել է գործնական գիտելիք և մասնագիտական հմտություններ ստանալը, իսկ հաղորդակցումը մշակութային արժեքներին, ցավոք, աստիճանաբար սկսել է ստորադասվել պրակտիկ գիտելիքներ ստանալու ցանկությանը:
«Gaudeamus կինոփառատոնը բազմաթիվ երիտասարդների հնարավորություն կտա հաղորդակցվել արվեստի ազնվագույն ճյուղերից մեկին` կինեմատոգրաֆին: Ուսանողների համար պետք է մատչելի դարձնել բարձրարժեք ինտելեկտուալ ֆիլմերի դիտումը, քանի որ, մեր համոզմամբ` ոչ մի նորարարություն կամ տեխնոլոգիա չի կարող փոխարինել երիտասարդների գեղագիտական կրթությունը. այդպիսին պետք է լինի լայն մտահորիզոն, պատասխանատվություն, հստակ քաղաքացիական գիտակցություն ունեցող, գեղեցիկին և հավերժին ձգտող անհատ լինելու ամենակարևոր նախապայմանը: Հետևաբար` բարձրագույն կրթության և մշակույթի համադրումն առաջնահերթություն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նախագծում ներգրավված է 4 բուհ: Հանրահայտ ռեժիսորների աշխատանքներն ուսանողներին են ներկայացվելու շարժական կինոտեխնիկայի միջոցով: Քանի որ համալսարանում շեշտը դրված է օտար լեզուների խորացված ուսուցման վրա, կազմակերպիչները նախատեսում են նաև չթարգմանված ֆիլմերի ցուցադրություններ, վստահ լինելով, որ այն առավել կխթանի տարբեր օտար լեզուների իմացության խորացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները