«Amnesty International». Ադրբեջանում շարունակվում են ընդդիմադիր ուժերի հետապնդումները
Այսօր «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել ապրիլի 2-ին Բաքվում կայացած խաղաղ հանրահավաքի այն մասնակիցներին,ովքեր ներկայումս գտնվում են ազատազրկման մեջ: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ երեկ ադրբեջանական դատարանը 2,5–ական տարվա ազատազրկման է դատապարտել «Մուսաֆաթ» և «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունների անդամներ՝ Արիֆ Գաջիլին, Մուհամեդ Մեջիդլին և Թուրալ Աբբասլիին։ Իսկ Ֆուադ Գահրամանլին, ով նույնպես անդամակցում է «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությանը, դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման։
«Այսօր Ադրբեջանում իշխանությունները շատ հաճախ փորձում են փակել ընդդիմության բերանը, այն հույսով, որ այդ քայլով նրանք կարող են ահաբեկել ակցիայի մնացած մասնակիցներին»,- հայտարարել է «Amnesty International»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ծրագրերի տնօրեն Նիկոլա Դակվորտը:
«Ընդդիմադիր կուսակցությունների անդամներին ձերբակալվել են այն պատճառով, որ նրանք մասնակցել են խաղաղ ակցիային՝ կոչ անելով իշխանություններին անցկացնել քաղաքական բարեփոխումները, ինչպես նաև ակցիայի ժամանակ քննադատվել է երկրում առկա կաշառակերությունը: Պետք է վերջ դնել բոլոր ընդդիմադիր ուժերի սիստեմատիկ հետապնդումներին և ձերբակալություններին»,- նշել է Դակվորտը: