Արազ Օզբիլիս. «Հայաստանի ընտրանին կարող է հաղթել առաջիկա երկու խաղում»
Ինչպես արդեն նշել ենք, Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես գալու առաջարկը և ժամանել է Երևան: Այսօր Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նրան ներկայացրեց լրագրողներին` ֆուտբոլիստին հանձնելով 23 համարի մարզաշապիկը: Իսկ մինչ այդ ընթերցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը` Արազ Օզբիլիսին Հայաստանի քաղաքացիություն շնորհելու մասին:
Պատասխանելով մեր թղթակցի հարցին` Արազ Օզբիլիսը նշեց, որ հետևում է Հայաստանի ընտրանու ելույթներին և հպարտ է, որ հանդես է գալու այդ թիմում:
«Սլովակիայի ընտրանու հետ հանդիպումը դիտել եմ, ինչպես նաև անդորրացիների հետ արտագնա խաղը: Կարող եմ ասել, որ Հայաստանի ազգային նշանակալից հաղթանակներ տոնեց: Չմոռանանք, որ Սլովակիայի հավաքականը թույլ թիմ չէ և աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում հաղթել է Իտալիայի ընտրանուն: Ես շատ հպարտ եմ, որ այս թիմի մասնիկն եմ լինելու»,- նշեց Օզբիլիսը:
Հայ ֆուտբոլիստն ասաց նաև, որ ընտրություն կատարելիս դժվարություններ է ունեցել, քանզի «Այաքսի» մարզիչ Ֆրանկ դե Բուրը նրան խորհուրդ է տվել ընտրել Հոլանդիայի հավաքականը:
«Մարզիչս դա ճիշտ որոշում էր համարում մարզական առումով` շեշտելով, որ իմ հետագա զարգացումն ավելի ճիշտ կընթանա: Սակայն իմ սիրտը բաբախում էր Հայաստանի համար, և իմ ընտրությունը հենց դրանով է պայմանավորված»,- ասաց Արազ Օզբիլիսը:
Անդրադառնալով այն հարցին, թե խաղային որ դիրքում է իրեն ավելի հարմարավետ զգում, Արազը շեշտեց, որ մրցաշրջանը սկսել է կենտրոնական հարձակվողի դիրքում, սակայն կարող է խաղալ նաև աջ և ձախ եզրերում:
«Այաքսի» ֆուտբոլիստը ցավում է, որ առաջիկա երկու հանդիպմանը չի կարողանա մասնակցել վնասվածքի պատճառով:
«Ցավոք, չեմ կարողանա խաղադաշտ մտնել, սակայն երջանիկ եմ, որ այս երկրի և այս հավաքականի անդամն եմ: Հույս ունեմ, որ երեք շաբաթից լիարժեք կապաքինվեմ և կկարողանամ օգնել մեր ընտրանուն: Հիմա մեր թիմը շատ լավ վիճակում է և հնարավորություն ունի նվաճել Եվրոպայի առաջնության ուղեգիր: Շատ երջանիկ կլինենք, որ մեր ցանկությունն իրականանա: Հույս ունեմ, որ առաջիկա երկու խաղում հաղթանակներ կտոնենք, բայց եթե չստացվի, չարժե տխրել: Սա երիտասարդ թիմ է և դեռ մեծ հաջողություններ կունենա: Չմոռանանք, որ Եվրոպայի 2016 թ. առաջնությանը 16-ի փոխարեն 24 թիմ է մասնակցելու»,- ավելացրեց նա:
Արազ Օզբիլիսը ֆուտբոլով սկսել է զբաղվել Հոլանդիայի սիրողական թիմերից մեկում, երբ 4-5 տարեկան էր: Երկու տարի անց «Տաղանդների օր» միջոցառման մասնակից 800 երեխաներից ընտրվեցին 18 հոգի, որոնց թվում էր նաև Արազը: Եվ այդ օրվանից նա խաղում է «Այաքսում»:
Օզբիլիսը հայերենին չի տիրապետում, բայց, իր իսկ խոսքերով, սովորում է:
«Երբ փոքր էի, կիրակի օրերին մենք միշտ հայկական եկեղեցի էինք գնում, որտեղ հայերերնի դասընթացներ էին կազմակերպվում: Սակայն դա Ամստերդամում էր, իսկ ես բավական հեռու էի ապրում և չէի կարող մասնակցել այդ դասընթացներին: Այդպես էլ հայերենը սովորելու հնարավորություն չունեցա, սակայն վստահ եմ, որ այստեղ կսովորեմ»,- շեշտեց ֆուտբոլիստը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում