Երկրաֆիզիկոսներն ու սեյսմաբանները հավաքվել են Գյումրիում
Այսօր Գյումրիում աշխատանքները կսկսի «Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության արդի հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովը` նվիրված ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի 50 ամյակին:
Գիտաժողովին կմասնակցեն Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից ժամանած գիտնականներ: Կքննարկվեն երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության գիտական և կիրառական հիմնախնդիրները, «ՀՀ սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսնված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների» ծրագրի իրականացման խնդիրները:
Շնորհիվ ակադեմիկոս Ա.Նազարովի անցյալ դարի 60-70-ական թվականներին երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը ձեռք բերեց համընդհանուր ճանաչում, իսկ որոշ գիտական ուղղությունների գծով նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների շրջանում դարձավ գլխավոր գիտական կազմակերպություն:
ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի վերջին շրջանի կարևոր գիտական ձեռքբերումներից են ՀՀ տարածքի 1:200 000 մասշտաբի երկրակեղևի եռաչափ կառուցվածքադինամիկ մոդելի ստեղծումը, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման ուղղությամբ կատարված գիտամեթոդական և կիրառական հետազոտությունները, այդ թվում` արդեն իսկ կազմված ՀՀ տարածքի սեյսմիկ գոտիավորման 1:200 000 մասշտաբի որակապես նոր տիպի քարտեզը: ԳԱԱ մամուլի ծառայության հաղորդմամբ, գիտաժողովն աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 7-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան