Ադրբեջանի անվտանգության ուժերը հարձակում են գործել Բաքվում Իրանի հոգևոր առաջնորդի գրասենյակի վրա. ԻԻՀ ԱԳՆ արձագանքը
Բաքվում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի գրասենյակի վրա Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից հարձակման փաստի առնչությամբ Իրանի համապատասխան պաշտոնյաների կողմից քննություն է իրականացվում:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:
Հիշեցնենք, որ երեկ իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանի անվտանգության ուժերը ոստիկանության վերաբնակեցման հարցերով վարչության աշխատակիցների ուղեկցությամբ հարձակվել են Բաքվում Իրանի ներկայացուցչություններից մեկի գրասենյակի վրա` զգալի վնաս հասցնելով գրասենյակին պատկանող գույքին: Ադրբեջանի անվտանգության ուժերը Իրանի ներկայացուցչության վրա հարձակվել են երեք փուլով, այնուհետև գույքը վնասելուց հետո գույքի որոշ մասեր տարել են իրենց հետ: