Օրենքի ընդունման դեպքում, աշակերտներն այլևս չեն մնա նույն դասարանում
«Հանրակրթության մասին օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են նաև կրթությունը համընդհանուր ներառական դարձնելուն, որը շատ կարևոր քայլ է ու պարզ չէ, թե հասարակության կողմից ինչպես է ընկալվելու»,- այս մասին ասուլիսում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով, որպես մանկավարժ, ներառված է այդ փոփոխությունների վրա աշխատող թիմում:
Նա ասաց, որ դպրոցը բոլորի համար է ու դասարանում կարող են հայտնվել մտավոր խնդիրներ ունեցող երեխաներից մինչև արտակարգ ունակություններ ունեցող երեխաներ: «Կրթական մեկ պետական չափորոշից գոյություն ունի, որը և մտավոր լուրջ խնդիրներ ունեցող երեխաների համար է, և արտակարգ ունակություններ ունեցողների: Ուսուցիչը, ով մտնելու է դասարան, պետք է այդ չափորոշիչներն ամբողջությամբ իմանա: Ուսուցիչը պետք է ունենա օգնական, պահանջվելու են դասավանդման նոր մեթոդներ»,- ասաց Ա. Բախշյանը:
Նախագծի համաձայն, ամրագրվելու է տաս միավորանոց գնահատման համակարգ, որտեղ բոլոր թվանշանները դրական են համարվելու: «Սա հնարավորություն կտա, որ ավելի թույլ գիտելիքներ ունեցող երեխան չմնա նույն դասարանում ու այդպիսով հետ մնա իր տարիքի մյուս երեխաներից, որը երեխաների իրավունքների ու պաշտպանության կոնվենցիայով արգելվում է: Ցանկացած երեխա, համապատասխան իր գիտելիքի, կարող է ստանալ ցանկացած գնահատական ու փոխադրվել հաջորդ դասարան»,- նշեց բանախոսը, հավելելով, որ այս դեպքում գնահատման համակարգը խստացվելու է, կամայականությունները նվազելու են, իսկ ուսուցիչները վերապատրաստվելու են:
Ա. Բախշյանն ասաց, որ Հայաստանում այսօր գոյություն ունի 62 ներառական դպրոց: Տավուշի մարզում բոլոր դպրոցները ներառական են, այսինքն այնտեղ իրականացվում է պիլոտայի ծրագիր, որի հիման վրա էլ գրվել է այս նախագիծը: «Եզակի դեպքերից է, որ ոչ թե դրսից է թելադրված, այլ` շնորհիվ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Տավուշում իրականացվում է պիլոտային այս ծրագիրը: Ես անձամբ եմ գնում Տավուշ ու մոնիտորինգ իրականացնում»,- ասաց նա:
Նախագիծն այժմ քննարկվում է նախարարություններում ու շուտով կմտնի ԱԺ: «Երբ որ ընդունվի, կարող ենք շնորհավորել միմյանց, որ մի քիչ քաղաքացիական ու հանդուրժող հասարակություն ենք ունենալու»,- ասաց պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան