ԱԺ պատգամավոր. Շատ դպրոցների տնօրեններ ուղղակի սիրում են իրենց աթոռը
«Այսօր դպրոցում բազմաթիվ խնդիրներ կան, պետք է տնօրենների առաջ շատ պահանջներ դրվեն, տնօրենները պետք է սիրեն իրենց գործը, սակայն այդպես չէ»,- ասուլիսում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Ըստ նրա, տնօրենների ստվար մասը սիրում է դպրոցը ոչ թե, որ կարողանում է հրաշալի կարգավորել աշակերտի կրթության կազմակերպումը, այլ սիրում է տնօրենի աթոռը: «Դպրոցների մեծ մասում տիրում է այնպիսի մթնոլորտ, որտեղ ուսուցիչը չի գնահատվում, չի ոգևորվում իր աշխատանքով, որտեղ ուսուցչի շարունակական կրթության համար անհրաժեշտ պայմաններ չեն ապահովվում, ուսուցիչը ստորաքարշության, վախի մթնոլորտում է աշխատում ու մտածում է, ինչ անել, որ իր հերթն էլ չհասնի: Դրա համար տանում է նվաստացնող ամեն քայլ»,- ասաց նա, ապա ընդգծեց, որ ուսուցիչը պետք է պաշտպանի իր իրավունքները:
Պատգամավորը նշեց, որ այսօր Հայաստանն ուսուցչի կարիք չունի, այլ կարիք ունի «լավ ուսուցչի»:
Կրթության որակը, Ա. Բախշյանի գնահատմամբ, «տխուր» է: Նրա խոսքով, աշակերտները բավականին թույլ գիտելիքներ ունեն հիմնականում հումանիտար առարկաներից, մայրենի լեզվից: Պատգամավորն ասաց, որ աշակերտների թույլ գիտելիքներն հիմա ավելի ակնհայտ են դարձել, քանի որ թեստավորման կենտրոնն է քննությունների միջոցով գնահատում նրանց, ու ուսուցիչները չեն կարող որևէ մեկին բարձր գնահատել, այսինքն` «այժմ պատկերն ավելի ռեալ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան