«ԱրմենՏել» ընկերությունը պարգևատրել է մրցույթ-փառատոնի հաղթողներին
«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման մասին: Ցուցահանդեսին ներկայացված 243 նկարներից 38 աշխատանքի հեղինակները ստացան նվերներ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և «ԱրմենՏել» ընկերության կողմից: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Արդեն երկրորդ տարին է, ինչ մրցույթ-փառատոնը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից` «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ:
Հայկական հեքիաթներին նվիրված մրցույթ-փառատոնին ներկայացվել է շուրջ 1000 աշխատանք աշխարհի 18 երկրից (ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Թուրքիա, Իսպանիա, Իրան, Լիբանան, Չինաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սիրիա, Ուզբեկստան, Ուկրաինա, Ուրուգվայ, Ֆրանսիա, Քուվեյթ), Արցախից և Հայաստանից: Մրցույթի առաջին փուլից հետո 243 լավագույն նկարներ ցուցադրվել են Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում:
«Գլոբալիզացիայի դարաշրջանում միայն կրթական համակարգը չի կարող ապահովել երիտասարդ սերնդի արդյունավետ դաստիարակությունը: Այն բազմակողմանի և բարդ գործընթաց է և այստեղ չափազանց կարևոր է տարբեր կառույցների ներգրավվածությունը: «ԱրմենՏել» ընկերությունը հովանավորում է բազմաթիվ կրթական ծրագրեր, և այս մրցույթ-փառատոնը նման համագործակցության վառ օրինակ է: Այն հետապնդում է մեկ ընդհանուր նպատակ` կրթել արժանի սերունդ, որն էլ հետագայում կդառնա պայծառ ապագա կերտելու գրավականն ու երաշխիքը», - նշել է «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Աղբյուրը նշում է, որ ՀՀ Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ և «ԱրմենՏել»-ի աջակցությամբ լույս է տեսնելու կատալոգ, որում կներառվեն մրցույթի երկրորդ փուլ անցած լավագույն աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին