Գ. Մելիքյան. ՀՄՀՀ ծրագրերը շատ կարևոր էին տնտեսության զարգացման համար
«Ավարտվում է Հազարամյակի Մարտահրավերներ Հայաստան Հիմնադրամի (ՀՄՀՀ) գործունեությունը Հայաստանում: Ինչ մեզ տվեց այս ծրագիրը և ինչ սովորեցրեց: Այն նախևառաջ մեզ համար ստեղծեց նոր հնարավորություն առավել արդյունավետ օգտագործելու Հայաստանի գյուղատնտեսական ներուժը»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած իր ելույթում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
«Ժամանակակից աշխարհի շատ ու շատ երկրներ արդեն լայն թափով գործածում են բարձրարժեք գյուղատնտեսությունն ու գրանցում են շոշափելի արդյունքներ: Հիմնադրամի միջոցներով Հայաստանի գյուղատնտեսությունը նույնպես մասնակից է դառնում բարձրարժեք գյուղատնտեսության նոր զարգացումներին: Մեծածավալ աշխատանքներ են կատարվել գյուղական ճանապարհների վերանորոգման ուղղությամբ: Հսկայական աշխատանք է կատարվել ոռոգման ջրի ենթակառուցվածքում. Ընդ որում` թե վերանորոգում, և թե նոր ջրագծերի կառուցում, իսկ մինչև հիմնադրամի գործունեությունը, նման աշխատանքներ կատարվել էին հիմնականում 20 տարի առաջ, ինչի հետևանքով ոռոգման ջրի խնդիրը գյուղացու համար դարձել էր առաջնային:
Հիմնադրամի միջոցներով վերականգնել է ավելի քան 600 կմ ջրանցք, ջրագիծ ու դրենաժ, արդիականացվել է 17 պոմպակայան, և, արդյունքում` ոռոգման ջուրը հասանելի է մոտ 70.000 հեկտար հողից օգտվող 427.000 գյուղաբնակների համար: Հիմնադրամի կողմից կազմակերպված դասընթացների միջոցով վերապատրաստվել է ավելի քան 45.000 ֆերմեր, որոնց փոխանցվել են նոր գիտելիքներ առավել արդյունավետ գործունեություն ծավալելու համար, թե անմիջապես գյուղ մթերքների արտադրության, այնպես էլ դրանց վերամշակման ուղղությամբ:
Այս ծրագիրն իսկապես չափազանց կարևոր էր մեր տնտեսության համար: Եվ անհրաժեշտ եմ համարում որպեսզի ձեռնարկվի բոլոր հնարավոր միջոցառումները ծրագրի շարունակությունն ապահովելու համար` առաջնային համարելով հատկապես գյուղատնտեսական մթերքների վերամշակման, պահպանման և իրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը` նպատակ ունենալով հատկապես ավելացնել գյուղական վայրերում բնակչության զբաղվածության մակարդակը և նպաստելու գյուղ մթերքների իրացման դժվարին գործընթացին»,- ասված է հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա