«ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի կունենա ռեկորդային` 115 մասնակից
«Երևանյան «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի կունենա ռեկորդային` 115 մասնակից, նախորդ տարվա 68-ի համեմատ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը` հավելելով, որ նախորդ տարվա համեմատ արդեն իսկ մասնակից ընկերությունների 70% աճ է գրանցվել:
«ԴիջիԹեք ցուցահանդեսը միտված է տեխնոլոգիական քարոզչությանը հասարակության շրջանում, մարդկանց ցույց տալու, որ ապագան տեխնոլոգիական զարգացման մեջ է: Մենք հուսով ենք` հասարակությունն իրապես կհասկանա, որ տեխնոլոգիական զարգացումը Հայաստանում հնարավոր է և իսկապես կարող է հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կխթանի տնտեսության բոլոր ոլորտների և հասարակական կյանքի առաջխաղացումը», - նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրենը:
Ըստ Կ.Վարդանյանի` նախատեսվում է, որ այս տարի ցուցահանդեսը կունենա ավելի քան 18 հազար այցելու, որը նույնպես ռեկորդ է: «ԴիջիԹեքը» բարձր տեխնոլոգիաների շքերթ է, «ոչ քիչ ոգևորիչ, քան ռազմական շքերթը»,-ասաց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրենը: Նշվեց նաև, որ «ԴիջիԹեք 2011»-ին ուղղակի մասնակցություն կունենան 4 արտասահմանյան ընկերություններ` Թայվանից, Սինգապուրից, Լեհաստանից և Ռուսաստանից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքերով` թվային ապագան ժամանակակից աշխարհի մարտահրավերն է: Այդ առումով` ուղղակի անհրաժեշտություն է տեխնոլոգիական նորարարությունների վերաբերյալ իրազեկվածության ապահովումը, ինչի դրսևորումն է նաև այս ցուցահանդեսը: Ըստ նրա` ձգտելով հավատարիմ մնալ Հայաստանում տեխնոլոգիաների առաջատարը լինելու սկզբունքին` ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղական շուկա է ներմուծում առկա ամենանորարար լուծումները:
«Մեր ընկերության գործունեության հիմնական խթանը առաջընթացի ուժն է: Դա հնարավորություն է տալիս իրատեսորեն գնահատել հայաստանյան շուկայի պահանջարկը և սպառողի շահագրգռվածությունը` լավագույն և նորագույն տեխնոլոգիաներ ձեռք բերելու հարցում»,- ասաց Ռ.Յիրիկյանը` հավելելով, որ հովանավորելով արդեն 7-րդ տարին կազմակերպվող ամենամյա ԴիջիԹեք միջազգային ՏՏ ցուցահանդեսը` հավատում են, որ այն ունի կարևոր դեր, և հաճախորդների պահանջմունքներին ընդառաջ գնալ ձգտող կազմակերպություններին հնարավորություն է տալիս խոսելու նորարարությունների լեզվով:
Նշենք, որ «ԴիջիԹեք» ամենամյա ցուցահանդեսն այս տարի կկայանա հոկտեմբերի 7-9-ը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության պլատինե հովանավորությամբ: Ցուցահանդեսի հիմնական նպատակը տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Միջոցառումը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին