Համարբերգը հիշատակել է ադրբեջանցի լրագրողի սպանվելու փաստը
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Ստրասբուրգում հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է լրագրողների իրավունքների նկատմամբ կատարվող բռնություններին: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Վերջին տարիներին Եվրոպայում մի շարք առաջատար լրագրողներ դաժան սպանությունների զոհ են դարձել, այդ թվում՝ Հրանտ Դինքը` Թուրքիայում, Գեորգի Գոնգաձեն` Ուկրաինայում, Էլմար Հուսեյնովը` Ադրբեջանում, Աննա Պոլիտկովսկին` Ռուսաստանում և այլոք»,- այս մասին ասել է Համարբերգը:
Վերջինս նշել է, որ պետք է բացահայտել և պատժել ոչ միայն սպանություն իրականացնողների, այլ նաև նրանց պատվիրատուներին:
Աղբյուրի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, 1992 թ-ից սկսած իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս եվրոպական երկրներում ավելի քան հարյուր լրագրողներ են սպանվել: Նրանցից շատերը նաև ենթարկվել են ֆիզիկական հարձակման և մահվան սպառնալիքների:
«Այս ամենը լուրջ կասկածի տակ է դնում իրավապահ և դատական համակարգի աշխատանքի արդյունավետությանը: Այս երևույթը մարդու իրավունքների բացահայտ անտեսման երևույթ է, քանի որ իշխանությունները թույլ են տալիս հանցագործներին մնալ անպատիժ»,- ասել է Համբերգը:
Նա նշել է, որ մեկ լրագրողի դեմ ուղղված սպառնալիքը կարող է ավերիչ ազդեցություն թողնել մյուս լրագրողների վրա: Սպառնալիքները, որոնք վերածվում են բռնության, այսպիով` դառնում են գրաքննության ձև: