ԵԱՀԿ գրասենյակը կազմակերպում է ուսուցողական սեմինար բուհերում
Այսօր Երևանում մեկնարկել է բուհերում հակակոռուպցիոն ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի իրականացման մեխանիզմները քննարկելու եռօրյա աշխատաժողով:
ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված ուսուցման դասընթացին մասնակցում են նախարարության ղեկավար պաշտոնյաների, համալսարանների աշխատակազմի և ուսանողական խորհուրդների 50 ներկայացուցիչներ, որոնք իրենց կարծիքներն են փոխանակում հակակոռուպցիոն ռազմավարությունների մասին:
«Կրթական համակարգում կոռուպցիան բացասական ազդեցություն ունի կրթության որակի վրա` ուսանողներին զրկելով մարդու հիմնարար իրավունքից»,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան: «Այս դասընթացը գործնական հետևությունն է նախարարության կողմից այս տարի ավելի վաղ ձեռնարկված նախաձեռնության, որի համաձայն բուհերը պետք է կազմեին իրենց հակակոռուպցիոն ռազմավարությունները և գործողությունների ծրագրերը,: Այն կօգնի խոսքերը փոխարինել գործով` հասնելու շոշափելի արդյունքների: Հուսով եմ, որ մյուս նախարարությունները կհետևեն այս լավ օրինակին», - ասաց նա:
«Կրթության որակի և չափանիշների բարձրացումը մեզ համար առաջնային խնդիր է, քանի որ կրթությունը մարդկանց տալիս է ավելի լայն հնարավորություններ կյանքում»,- նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա` որքանով ցածր է կրթության մակարդակը, այնքանով բարձր են կոռուպցիոն ռիսկերը: «Կամ մենք պետք է սկսենք այսօր կոռուպցիայի դեմ պայքարը, կամ էլ` այն մեզ կկործանի: Այս պատճառներից ելնելով է, որ մենք նախաձեռնել ենք այս գործընթացը և վճռական ենք ստեղծելու անհրաժեշտ մեխանիզմներն ու կարողությունները, որպեսզի համալսարանները արդյունավետ ներդնեն իրենց հակակոռուպցիոն ռազմավարությունները»,- ընդգծեց նախարարը:
Սեմինարի ընթացքում Սերբիայից և Մալթայից հրավիրված երկու փորձագետները կներկայացնեն իրենց տեսակետները համալսարաններում մշակված հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ և կկիսեն իրենց փորձը այս ոլորտում: Մասնակիցները նաև կքննարկեն եվրոպական բարձրագույն կրթության ընթացիկ միտումները, հակակոռուպցիոն քարոզչության տեսակները և ուսանողների մասնակցությունը, ինչպես նաև վերահսկման գործիքները, չափանիշները, կանոնակարգերն ու էթիկայի կանոնները:
«Ներկայացված հակակոռուպցիոն գործողությունների ծրագրերը ցույց են տալիս, որ համալսարանների ղեկավարությունը քաջ գիտակցում է այս խնդիրը և պատրաստակամ է դրան հակազդելու: Այս ուսուցողական սեմինարը հնարավորություն է այդ բոլոր բարձրագույն կրթության հաստատությունների համար համեմատելու իրենց փորձը և քննարկելու հետագա հակակոռուպցիոն քայլերը, որպեսզի մշակվի համընդհանուր գործողությունների ծրագիր: Այս մոտեցումը կաջակցի Բոլոնիայի գործընթացի չափանիշների կատարմանը, հավասար մոտեցման և բարձրագույն կրթության մասին օրենքի սկզբունքների իրագործմանը», - հավելեց Սերբիայից ԵԱՀԿ փորձագետ Իգոր Պուցարևիչը:
Այս սեմինարը գրասենյակի ջանքերի մի մասն է, որն ուղղված է խթանելու կոռուպցիայի դեմ պայքարը բարձրագույն կրթական համակարգում: Այն նաև ներառում է հակակոռուպցիոն ուսանողական աշխատանքային խմբի հիմնադրումը 2009թ.-ին, որի նպատակն է բարձրացնել ուսանողների իրազեկվածությունը և կազմակերպել կոռուպցիայի վերաբերյալ քննարկումներ բուհերում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան