Դպրոցն ընտանիքի շարունակությունն է. Երկրի ղեկավարը շնորհավորել է ուսուցիչներին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ` մաղթելով քաջառողջություն ու հաջողություն:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Դարեր ի վեր մանկավարժությունը եղել է հայ իրականության մեջ ամենահարգված մասնագիտություններից մեկը: Եվ պատահական չէ, որ բախտի քմահաճույքով որտեղ էլ հայտնվել են մեր ժողովրդի ներկայացուցիչները առաջին հերթին կրթօջախներ ու եկեղեցիներ են հիմնել: Պատահական չէ նաև, որ անգամ մահաբեր Դեր-Զորում կային ուսուցիչներ, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, անապատի ավազի վրա հայ երեխաներին մեսրոպյան գիր էին սովորեցնում:
Դպրոցն ընտանիքի շարունակությունն է, որտեղ երեխաները հասունանում են որպես հասարակության լիարժեք անդամներ: Պիտի գիտակցենք, որ դպրոցների և ուսուցիչների առկա խնդիրները յուրաքանչյուրիս ընտանիքի և մեր ընդհանուր ապագայի խնդիրն է, որի լուծումը մենք տալիս ենք և տալու ենք մեր միասնական ու հետևողական աշխատանքով:
Ուսումնատենչությունը, կրթության և գիտելիքի հանդեպ հարգանքը մեր անպարտելիության ու հավիտենական գոյության հիմնական երաշխիքներից են, իսկ ուսուցիչները` այդ վեհ գործի պահապաններն ու առաջամարտիկները:
Սիրելի՛ ուսուցիչներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ և երախտագիտություն հայտնում ձեր օրնիբուն աշխատանքի համար` մաղթելով քաջառողջություն ու հաջողություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան