Այսօր Ուսուցչի տոնն է. «Ուսուցիչը մեծ դերակատարում ունի երեխայի կյանքում»
«Իհարկե, այսօր շատ է խոսվում ուսուցիչների մասին` մի քանի դեպքերի հետ կապված: Բայց չի կարելի մի քանիսի պատճառով վատ կարծիք կազմել այսօրվա ուսուցիչների մասին: Կան վատ ուսուցիչներ, կան լավ ուսուցիչներ, ովքեր իրենց գործի պրոֆեսիոնալներն են: Ես շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին: Նրանց գործը բարդ է, միաժամանակ պատասխանատու. շատ բան իրենցից է կախված երեխայի հետագա ճակատագրի հարցում»,- Panorama.am-ի թղթակից հետ զրույցում, խոսելով օրվա մասին, ասաց երևանցի Գայանե Մովսիսյանը:
Նշենք, որ այսօր Ուսուցչի տոնն է: Օրվան նվիրված մի շարք կրթական օջախներում անցկացվելու են միջոցառումներ, Քանաքեռում գտնվող Աբովյանի տուն-թանգարանում տեղի է ունենալու Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսի ուսանողների երդման արարողությունը, իսկ նախօրեին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանրապետության մի խումբ լավագույն մանկավարժների ընդունելություն և պարգևատրում:
«Ես գոհ եմ իմ երեխաների ուսուցիչներից: Բացի բուն առարկան սովորեցնելուց, ուսուցիչները պետք է օրինակ ծառայեն երեխաներին` իրենց վարքով, նիստուկացով, շարժուձով: Հարևանուհուս երեխան նստել էր աթոռին, չեմ կարող ասել` ինչ ձևով ու ասում է դասատուիցս եմ սովորոել: Ահա իմ ասածի վառ օրինակը»,- ասաց Մարինեն:
Երևանցիներից շատերը բավականին դրական են արտահայտվում իրենց երեխաների ուսուցիչների մասին, բայց նաև շեշտում, որ ժամանակները շատ են փոխվել ու իրենց ուսուցիչներին «չեն հասնի», միաժամանակ ընդգծելով, որ երեխաներն էլ են փոխվել` «չգիտեն մեծին հարգել», «պատասխանում են` հաշվի չառնելով, թե ով է իրենց առջև կանգնած»: «Այս ամենը, իհարկե գալիս է նրանց, որ նրանք շատ են աղբ դիտում ու լսում և իրենց շրջապատից, և հեռուստատեսությունից: Բացի այդ, այժմ երեխաների հետաքրքրությունների շրջանակներն ավելի են ընդլայնվել»,- ասաց ուսուցչուհի Աննա Գալստյանը:
«Իհարկե, երեխաները շատ են փոխվել: Շատ են փոխվել նաև ուսուցիչները: Շատերը, ելնելով սոցիալական վատ վիճակից, առկա խնդիրներից, միգուցե լավ գիտեն իրենց առարկան, բայց չեն կարողանում ըստ պատշաճի մատուցել, որովհետև այլ բաների մասին են մտածում: Դա, անշուշտ, իր ազդեցությունն ունենում է: Բայց ուսուցիչը մեծ դերակատարում ունի երեխայի կյանքում, քանի որ հենց դպրոցում է դրվում երեխայի և նոր, և ինքնուրույն, և բարդ կյանքի սկիզբը»,- ասաց Գուրգեն Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Ուսուցչի համաշխարհային օրը, որպես ուսուցչի և ողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն, հիմնադրվել է 1994թ.` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում է ամեն տարի հոկտեմբերի 5-ին: Տվյալ օրվա ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ 1966թ.-ին` այդ օրը, Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» (Recommendation concerning the Status of Teachers) վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:
Ներկայումս Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում և 100-ից ավելի պետություններ նշում են այն: Հայաստանում Ուսուցչի օրը ՀՀ կառավարության 2001 թ. հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Բայց 2010 թ. սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ, պաշտոնական տոնացույցում ամրագրվում է Ուսուցչի օր, որը նշվելու է հոկտեմբերի 5-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին