Հոկտեմբերի 10-11-ը Երևանում կանցկացվի «ԱրմԹեք Կոնգրես 2011»-ը
Արդեն չորրորդ անգամ անցկացվող բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովը` «ԱրմԹեք Կոնգրես 2011»-ը, այս տարի կկայանա հոկտեմբերի 10-11-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Այն կանցկացվի ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում և կկրի «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագիրը։ Այս մասին այսօր հայտնեցին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը և «Վիասֆեր Տեխնոպարկի» նախագահ Թոնի Մորոյանը:
Իր ընդգրկուն ծրագրով ԱրմԹեք Կոնգրեսը կառավարության, գիտության և բիզնես ոլորտների ներկայացուցիչներին լավ հնարավորություն կընձեռի քննարկել հայկական բարձր տեխնոլոգիաների ոլորտը և նպաստել վերջինիս հետագա զարգացմանը:
Համաժողովին հանդես կգան ներկայացուցիչներ Հայաստանից, ԱՄՆ-ի, Ռուսաստանից, Եվրոպայից, ԱՊՀ մի շարք երկրներից խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ։ Բ. Ենգիբարյանը մասնավորապես առանձնացրեց HP, INTEL, D-Link հանրահայտ ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակությունների այցելությունը Հայաստան։ Նա նաև նշեց, որ համաժողովի ընթացքում քննարկելու են Հայաստանում տեխնոլոգիական միջավայրի ստեղծմանը վերաբերող հարցեր։
«Մենք պետք է ստեղծենք համապատասխան միջավայր կրթական հարցերի լուծման համար և այլ մարտահրավերներին դիմակայելու համար։ Շատ կարևոր է նաև էլեկտրոնային հասարակության միջավայրի ստեղծումը, որտեղ մենք կտեսնենք, թե ինչպես է ՏՏ զարգացումն անդրադառնում մարդկանց առօրյայի վրա»,- ասաց ՁԻՀ-ի տնօրենը։
«ԱրմԹեք 2011»-ի ընթացքում տասը ընկերությունների հնարավորություն է տրվելու ներկայացնել ծրագրեր և ընտրված լավագույն 5-ը՝ յուրաքանչյուրը, շահելու են 15 000 դոլարի դրամաշնորհներ։
Թոնի Մորոյանի խոսքերով` «ԱրմԹեքի» ամենամեծ ձեռքբերումն այն է, որ Հայաստանը ԱՄՆ-ի Սիլիկոնային հովտում արդեն հայտնի է և ցանկացած կազմակերպություն գիտի Հայաստանի ՏՏ պոտենցիալի մասին և ցանկություն ունի մասնակցելու «ԱրմԹեք»-ին։ Նա նշեց նաև, որ «ԱրմԹեքն» ամբողջությամբ կայացած է։
Նշենք, որ համաժողովը կազմակերպվում է ՀՀ կառավարության, ՁԻՀ-ի, «Սինոփսիս Արմենիա» ընկերության, «Վիասֆեր Տեխնոպարկի», Հայկական զարգացման գործակալության, ՏՏ ձեռնարկությունների միության և «Յունիքոմփ» ընկերության աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը։
Տեղեկացնենք, որ «ԱրմԹեք Կոնգրես»-ը առաջին անգամ անցկացվել է 2007թ.-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Ապա հաջորդել են «ԱրմԹեք Կոնգրես» 2008-ը Երևանում և 2009-ը` ԱՄՆ-ում։ Իսկ 2010թ.-ին կազմակերպվել է սեմինար-հանդիպում Երևանում՝ կոնգրեսի հետագա ռազմավարության քննարկման նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին