«Դպրոցական բլոգ». Աշակերտները բլոգի միջոցով կարողացել են բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները
Այսօր Մոսկվայի տանը տեղի է ունենալու «Դպրոցական բլոգ» նախագծի ամփոփիչ միջոցառումը: Նախագիծը իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի միջոցով:
«Դպրոցական բլոգը» (http://dprocakan.wordpress.com) մեկնարկել է այս տարվա մարտ ամսին: Ստանալով համապատասխան համակարգչային գիտելիքներ՝ դպրոցական երեխաները Երևանից և Հայաստանի այլ քաղաքներից՝ Ալավերդի, Էջմիածին, Դիլիջան, բլոգի միջոցով բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրները, այդ թվում ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ, բռնություն, դրամահավաքություն, խտրականություն գնահատականների հարցում, սեր, ընկերություն և այլ թեմաներ:
Կարճ ժամանակում բլոգը ձեռք է բերել լայն ճանաչում առցանցում: Այսօր արդեն բլոգն ունի ամսական 8.000-10.000 այցելու: Ամենաակտիվ երեխաներն արդեն իսկ համբավ են ձեռք բերել իրենց դպրոցում, իրենց հասակակիցների շրջանում. նրանց գրառումները կարդում են, նրանց սատարում և ոգևորում են:
Բլոգն ունի նաև ուսուցողական բնույթ. բլոգում գործող «հոգեբանի անկյուն» և «դպրոցականի իրավունք» էջերը, որոնք վարում են մասնագետ հոգեբանն ու լրագրողը, նպատակ ունեն կրթելու երեխաներին իրենց իրավունքների մասին, օգնելու նրանց տարբեր իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնել և հաղթահարել խոչընդոտներ:
Միջոցառմանը ներկա են լինելու բլոգի մասնակից երեխաները, որոնց ակտիվ մասնակցությունը խրախուսելու համար նախատեսված են մրցանանկներ: Ամենահամարձակ դպրոցականին սպասում է նեթբուք: Միջոցառումը կամփոփի նաև պատմվածքի բաց մրցույթի արդյունքները, որը հայտարարվել էր «Դպրոցական բլոգ» նախագծի շրջանակներում:
Այս մասին հայտնում են կազմակերպիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան