Ազատ է արձակվել Դիարբեքիրում ձերբակալված ֆրանսահայ լրագրողը
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում (պատմական Աղձնիք) ձերբակալված ֆրանսահայ լրագրող Տիգրան Սարգիս Արշակը ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է թուրքական «Tumgazeteler» էլեկտրոնային լրատվամիջոցը: Ոստիկանները պարզել են, որ նա ռեպորտաժ պատրաստելու համար էր մեկնել Դիարբեքիր և բացի իր մասնագիտական աշխատանքից ոչինչ չի արել: Մինչդեռ սկզբում Տիգրան Սարգիսը դիտվել է իբրև «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունեցող կասկածյալ:
«Ես ահաբեկիչ չեմ: Չունեմ առնչություն և ոչ մի ահաբեկչական խմբավորման հետ: Դիարբեքիր էի գնացել` մասնակցելու Միջագետքի սոցիալական ֆորումին: Այդ ընթացքում հանդիպումներ եմ ունեցել մի շարք թուրք և քուրդ մտավորականների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ... Այդ օրը ոստիկան էր սպանվել: Ոստիկանները կասկածյալներ էին փնտրում: Եվ հյուրանոցից դուրս գալիս ինձ ձերբակալեցին»,- բացատրություն է տվել ֆրանսահայ լրագրողը: