Մերձբալթյան երկրներում ամենաարագ աճող IT դիստրիբյուտորը մուտք է գործում հայաստանյան շուկա
Լիտվական առաջատար IT մատակարարներից մեկը՝ Ակմե Քոմփյութեր Քոմփոնենթսը (ACC) սկսում է իր գործունեությունը հայաստանյան շուկայում: Այս մասին այսօր «Դիջիթեք 2011» 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի ընթացքում հայտարարեց Հայաստանում Լիտվայի դեսպան Գեդրիուս Ապուոկասը: Ըստ նրա` թեև Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, ու երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն սա լիտվական առաջին ներդրումն է Հայաստանում:
Նշենք, որ վերջին տարիներին հայտնի տեխնոլոգիական ընկերությունները Հայաստանի շուկա մուտք են գործում հենց «ԴիջիԹեք»-ի միջոցով:
Մերձբալթիկայի խոշորագույն ՏՏ դիստրբյուտորը` ACC-ն ներկայացնում է համաշխարհային է համաշխարհային առաջատար արտադրողների ASUS, Dell, LG, BenQ, Sony, Philips, D-Link և այլն:
«Ակմե Քոմփյուտեր Քոմփոնենթսի» գլխավոր գործադիր տնօրեն Ռեգիմանտաս Բուոզիուսը նշեց, որ ACC-ն գնել է հայկական Մաքստրոնիկ ՓԲԸ-ն, որն էլ դառնալու է ընկերության 7-րդ մասնաճյուղն Արևելյան Եվրոպայում: Ընկերությունը, որը զբաղվում է նոութբուքների, համակարգչային տեխնիկայի, ծրագրային ապահովման և այլ սարքավորումների մատակարարմամբ, Հայաստանում գործելու է բացառապես որպես դասական դիստրիբյուտոր և նպատակ ունի առաջիկա 3 տարիների ընթացքում առաջատար դիրքեր գրավել հայաստանյան ՏՏ մատակարարման ոլորտում:
Ռ. Բուոզիուսի խոսքերով` Հայաստանում կա լուրջ ներուժ, այդ պատճառով էլ որոշեցին մուտք գործել հայաստանյան շուկա: «Մենք երկար էինք սպասում հայկական շուկա մտնելու այս պահին: Որոշեցինք մուտք գործել հենց Հայաստան, քանի որ ձեր երկիրն ունի մեծ պոտենցիալ ՏՏ ոլորտի զարգացման տեսանկյունից, մեծ գիտելիքներ և գրավիչ է ոլորտի տեսանկյունից»,- ասաց ACC-ի գործադիր տնօրենը:
Ըստ նրա` չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը, Հայաստանում առկա են բիզնեսի կայացման և զարգացման համար անհրաժեշտ էլեմենտները: Օրինակ` տնտեսության ազատականացման մակարդակով Հայաստանն առաջ է անցել Եվրոմիության այնպիսի երկրներից, ինչպիսին Ֆրանսիան և Ավստրիան են: Բացի դրանից, գործարար մթնոլորտի բարենպաստության ցուցանիշով Հայայստանն աշխարհի լավագույն 50 երկրների շարքում է, համաձայն Համաշխարհային բանկի «Doing Bisiness 2011» վարկանիշային ցանկի: «Մեր նպատակն է ներկայացնել տեխնոլոգիաներ, որոնք կնպաստեն հայկական ընկերությունների աճին և քաղաքացիական կենսամակարդակի բարելավմանը»,- ասաց Ռ. Բուոզիուսը: Նշվեց նաև, որ ընկերությունը մուտք գործելով հայկական շուկա նախնական կբացի 20 աշխատատեղ և կսկսի համագործակցությունը շուկայի ամենատարբեր ձեռնարկությունների` մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունների, փոքր և միջին ձեռնարկությունների հետ:
Ռ. Բուոզիուսը տեղեկացրեց, որ 2010թ.-ին ACC-ի տարեկան շրջանառությունը կազմել է 95 մլն եվրո. ընկերությունը 2009թ.-ի համեմատ արձանագրել է 40% աճ: Այս տարվա ընթացքում նախատեսվում է ապահովել 35% աճ ու տարեկան շրջանառությունը հասցնել 125 միլիոն եվրոյի:
ԷյՍիՍի ընկերությունը հիմնադրվել է Լիտվայում 1988թ.: Այն համարվում է Բալթյան երկրներում ամենաարագ աճող ընկերությունը ՏՏ և կենցաղային տեխնիկայի ոլորտում: Ներկայումս ընկերությունը գործում է Լատվիայում, Էստոնիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Բելառուսում: Ընկերությունն ունի 190 աշխատակից և ներկայացնում է ավելի քան 200 հանրահայտ արտադրողների: ԷյՍիՍի-ին մատակարարում է նոութբուքեր համակարգիչներ, համակարգրային տեխնիկա և ծրագրային ապահովում, մուլտիմեդիա սարքեր և այլ սարքավորումներ ավելի քան 2500 հաճախորդների: