ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությունում գրանցվեց այս տարվա 10 000-րդ այցելուն
2011թ. հոկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայությունում գրանցվեց այս տարվա 10 000-րդ այցելուն: Դա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բանաստեղծ և թարգմանիչ Վադիմ Ռախմանովն է: ԼՂՀ ԱԳՆ կողմից նրան շնորհվեց հավաստագիր և հուշանվեր` Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշով: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն` 2011թ. անցած 9 ամիսների ընթացքում ԼՂՀ այցելած օտարերկրացիների թիվը 64 %-ով գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Հարկ է նշել, որ օտարերկրացի այցելուների շրջանում գերակշռում են Ռուսաստանի, ԵՄ, ԱՄՆ. Իրանի, Կանադայի քաղաքացիները: 2011թ. երեք եռամսյակների ընթացքում կրկնապատկվել է Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը` անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ: Շարունակում է ընդլայնվել ԼՂՀ այցելող օտարերկրացիների աշխարհագրությունը. Լեռնային Ղարաբաղ են այցելում զբոսաշրջիկներ Ճապոնյաից, Չինաստանից, Սինգապուրից, Բրազիլիայից, Վենեսուելայից, Իսրայելից, Նոր Զելանդիայից, Հնդկաստանից, Կոտ դ'Իվուարից և այլ երկրներից:
Արցախի նկատմամբ հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում աշխարհի տարբեր երկրներից հայկական Սփյուռքի ներկայացուցիչները: Նրանք հիմնականում այցելում են Գանձասարի /XIII դար/, Ամարասի /IV դար/, Դադիվանքի /IV դար/ վանական համալիրներ, հնագույն հայկական քաղաք Տիգրանակերտի պեղումների գոտի, Ազոխի քարանձավ, Նիկոլ դումանի տուն-թանգարան, ինչպես նաև Ականաբերդի, Լևոնաբերդի, Բերդաքարի, Ասկերանի, Թումասաբերդի հայկական ամրոցներ:
Ըստ զբոսաշրջիկների` հրապուրում են ոչ միայն բազմադարյա պատմական հուշարձանները, շքեղ բնությունը, գեղատեսիլ կիրճերը, առողջ էկոլոգիան, հանքային և տաք աղբյուրները, այլև արցախցիների բարյացակամությունն ու հյուրասիրությունը: