Տիգրան Սարգսյան. «ՏՏ ոլորտը մեր տնտեսության զարգացման կարևորագույն շարժիչներից մեկն է»
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցեց «Դիջիթեք 2011» 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը։ Այն անց է կացվում վարչապետի բարձր հովանու ներքո։ Ցուցահանդեսի պլատինե հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ցուցահանդեսի բացմանը նշեց, որ Դիջիթեքի կազմակերպիչներն ամեն ինչ արել են, որ այսօր տեխնոլոգիական զարգացմամբ հետաքրքրվող մարդիկ երեք օր իրենց լավ զգան և ընկերական, ինչպես նաև բիզնես շփումների ընթացքում ծանոթանան ՏՏ ոլորտի նորություններին:
Նա տեղեկացրեց, որ այս տարի Դիջիթեք ցուցահանդեսին մասնակցում են 115 միջազգային և տեղական ընկերություններ, ինչն էլ աննախադեպ աճ է և գերազանցում է նախորդ տարվա մասնակցության ցուցանիշը մոտ 70 տոկոսով: Նշենք, որ նախորդ տարի ցուցահանդեսին մասնակցել են 68 ընկերություն: «Ակնկալվում է նաև այցելուների թվի աճ` ավելի քան 18 հազար այցելու 2010թ.-ի 15 հազարի փոխարեն»,- ասաց Կ.Վարդանյանը:
Շնորհավորելով մասնակիցներին ու ներկաներին ավանդական դարձած ցուցահանդեսի բացման կապակցությամբ` վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորեց համաժողովի անցկացումը, նշելով, որ այն հնարավորություն է տալիս ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին ցուցադրել իրենց նոր արտադրանքն ու ծառայությունները:
Վարչապետի խոսքերով` Դիջիթեքի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է , և այն փաստը, որ 70 տոկոսով այս տարի ավելացել են մասնակիցները, վկայում է այն մասին, որ Դիջիթեքը զբաղեցրել է իր տեղը բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: «Դիջիթեքը մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս ընկերություններին ներկայացնել իրենց նոր ծառայությունները, իրենց նոր արտադրանքը, միևնույն ժամանակ պատկերացում կազմելու` թե այս ոլորտը ինչ տեմպերով ու ուղղություններով է Հայաստանում զարգանում»,- ասաց վարչապետը:
Նա մեկ անգամ ևս հիշեցրեց, որ 2000թ.-ին ՀՀ կառավարությունը տեղեկատական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը հռչակել է որպես գերակա ուղղություն: «Այս տարիների ընթացքում կառավարության և ՏՏ ոլորտի համագործակցության շնորհիվ մենք արձանագրում ենք, որ ստեղծված են լուրջ նախադրյալներ, որպեսզի այս ոլորտը հանդիսանա մեր տնտեսության զարգացման կարևորագույն շարժիչներից մեկը»,- նշեց Տ.Սարգսյանը: Ըստ նրա` դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ այս ոլորտում այսօր գործում են շուրջ 300 ընկերություններ, իսկ աշխատողների քանակը կազմում է 5500 հոգի, իսկ եթե դրան ավելացնենք հեռահաղորդակցության ոլորտը, ապա շուրջ 10 հազար մարդ աշխատում է այս ոլորտում:
Վարչապետը նշեց նաև, որ այս օրերին հնարավորություն կունենան հանրությանը ներկայացնելու այն նոր նախագծերը, որոնք խթանելու են այս ոլորտի զարգացումը, և Հայաստանը ՏՏ ոլորտում դարձնելու են համաշխարհային քարտեզի վրա տեսանելի, շոշափելի և լուրջ մի կենտրոն, որը ծառայություններ է մատուցում աշխարհի տարբեր երկրներին: