Արենիում այսօր գինու փառատոն է
Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում այսօր արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվելու է գինու փառատոնը: Գյուղը կհյուրընկալի զբոսաշրջիկների, պետական պաշտոնյաների, սովորական քաղաքացիների, տեղաբնակները հյուրերին ցույց կտան գինու պատրաստման եղանակները, կհյուրասիրեն ազգային կերակրատեսակներով: Փառատոնի շրջանակում կանցկացվեն մշակութային միջոցառումներ` ինչպես գյուղի հրապարակում, այնպես էլ ողջ տարածքում:
Նախորդ տարիներին հյուրերի թիվը եղել է 2 500-3000, այս տարի ակնկալվում է, որ նրանց թիվը կհասնի 5000-ի` հատուկ այդ փառատոնին ներկա լինելու համար զբոսաշրջիկներ են ժամանելու Ռուսաստանից, Ուկրաինայից, Էստոնիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից:
Նախատեսված է, որ Արենի գյուղի շուրջ 540 տնտեսություններից 80-ն կմասնակցեն փառատոնին՝ իրենց առանձին տաղավարներով ու պատրաստած գինիներով: Գինու փառատոնին կմասնակցեն 8 գինեգործական կազմակերպություններ Հայաստանից և 7-ը Արցախից:
Փառատոնի ընթացքում անցկացվելու է մրցութային ծրագիր` «Հայաստանը ձեր աչքերով», «Ոսկե տակառիկ 2011» և «Լավագույն տնական գինի» անվանակարգերում: Իսկ հոկտեմբերի 10-ին Հայաստանի գինեգործների համար վարպետության դասեր կանցկացնի Մարսելից ժամանած Սերժ Ղուկասյանը:
Երրորդ տարին անընդմեջ փառատոնի կազմակերպիչներին աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, և փառատոնի անցկացման համար պետությունը կազմակերպիչներին է տրամադրել շուրջ 3 մլն դրամ: Առաջիկա փառատոնին կմասնակցի անձամբ ՀՀ վարչապետը, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարը, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատների աշխատակիցներ ու քաղաքական գործիչներ: