«Գոոոլ», «ուռաաա». Ֆուտբոլային տոնախմբություն` Facebook-ում
Նախօրեին գիշերը Facebook-ում իսկական տոնախմբություն էր. ֆուտբոլասերներն ու ֆուտբոլով չհետաքրքրվողները ամեն խփած գնդակից հետո գրում էին «գոոոլ», «ուռաաա» բացականչություններով շնորհավորում էին միմյանց Հայաստանի հավաքականի խոշոր հաղթանակի համար:
«Էս ինչա կատարվում, ուռաաաա», «Էսօր միասնության օր է-No politics», «Փառք ու պատիվ մեր տղաներին», «Ջաաաաաան». Ահա նմանատիպ գրառումներ էին հայտնվում ֆեյսբուքյան օգտատերերի էջերին:
Հենց խաղից հետո հայ երկրպագուներին ու ֆուտբոլիստներին շնորհավորեց քաղաքապետ Կարեն Կարապետյանը. «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի հավաքականի վստահ և ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ: Շնորհակալ ենք մեր տղաներին փայլուն ստեղծագործ խաղ ցուցադրելու համար»: Վարչապետ Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան էջում էլ գրվեց. «Կեցցե´ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը»: Ավելին վարչապետը դուրս է եկել Հանրապետության հրապարակ` հաղթանակը Հայաստանի հավաքականի երկրպագուների հետ նշելու համար: Նրանք մինչև ուշ գիշեր երգել, պարել, ուրախացել են հրապարակում:
«Հրապարակ, Մաշտոց, ԿԵՆՏՐՈՆ - ազգս ցնծության մեջ ա, խնդում ա, տոնում ա, խեղճ ոստիկանների մոտ մթագնում ա», -գրվել է «Twitter»-ում։«Պատկերացրեք, թե որքան մեծ հաջողությունների հասած կլինեինք, եթե նույն մոտեցումն ու ոգևորությունը լիներ բոլոր ասպարեզներում», -գրել է ֆեյսբուքյան օգտատերերից Հրաչուհին:
Սոցիալական այս ցանցում անխտիր բոլորը, վստահ են, որ Հայաստանի հավաքականը նույնկերպ վճռական խաղ ցույց կտա Իռլանդիայի հավաքականի հետ խաղում: «Եթե Սլովակիային ջախջախել ենք նրանց դաշտում, ապա կջարդենք նաև իռլանդացիների պաշտպանությունը», -գրել է օգտատերերից Մհերը:
Նշենք, որ նախօրեին Euro-2012-ի առաջնության խմբային նախընտրական փուլի Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի խոշոր հաղթանակով. Հայաստան-Մակեդոնիա 4:1: Նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ներկա էր երկու երկրների ազգային հավաքականների հանդիպմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ