Նոբելյան մրցանակակիրը կգա Հայաստան
Հայաստան է ժամանում ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՌԴ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆյորովը: ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստի ընթացքում (հոկտեմբերի 10-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ, Բաղրամյան 24) Ժորես Ալֆյորովին կշնորհվի ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոսի դիպլոմ:
Ժորես Ալֆյորովը նոբելյան մրցանակի է արժանացել կիսահաղորդչային հետերկառուցվածքների և արագագործ օպտոէլեկտրոնային սարքերի ստեղծման համար: Նա արժանացել է աշխարհի ավելի քան 50 տարբեր գիտակրթական կենտրոնների պատվավոր անդամի կոչման: Հեղինակ է 500 գիտական հոդվածների, 3 մենագրությունների և 50 հայտնագործությունների:
ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդմամբ, նիստին կմասնակցեն ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների և ԲՈՒՀ-երի ղեկավարներ, գիտական հասարակայնության ներկայացուցիչներ: Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (ք. Աշտարակ) տեղի ունենալիք «Լազերային ֆիզիկա 2011» միջազգային գիտաժողովում Ժորես Ալֆյորովը հանդես կգա ելույթով: Նույն օրը ակադեմիկոս Ալֆյորովը Հայ-ռուսական սլավոնական համալսարանում կկարդա «21-րդ դարի կիսահաղորդչային հեղափոխություն» 40 րոպեանոց դասախոսությունը:
Նոբելյան մրցանակի դափնեկրի այցելության ծրագրում հանդիպում է նախատեսված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան