Արկադի Անդրեասյան. «Երբ հավաքականը վերելք է ապրում, նրանից կարելի է արդյունք ակնկալել»
«Հենարան» մամուլի ակումբում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Երևանի «Արարատի» մարզիչ, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը հայտարարեց, որ Հայաստանի հավաքականը վերելքի վրա է և կարող է այսօր հաղթել Իռլանդիայում, եթե պրեսինգ կիրառի խաղադաշտի կենտրոնում:
«2-րդ տեղն զբաղեցնելու առումով Հայաստան-Իռլանդիա հանդիպումը վճռորոշ է: Այսօրվա դրությամբ, ըստ իս, մեր ընտրանին պատրաստ է: Վերջին խաղերը ցույց տվեցին, որ հիմնական կազմը ձևավորված է, և թիմը վերելքի վրա է: Իսկ երբ հավաքականը վերելք է ապրում, նրանից կարելի է արդյունք ակնկալել:
Փաստ է, որ մեր ֆուտբոլիստներին ծանր խաղ է սպասվում, քանի որ իռլանդացիներին նույնպես արդյունք է պետք` փլեյ-օֆֆում հայտնվելու համար: Նրանց ոչ-ոքին էլ է ձեռնտու, իսկ գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին սիրում է լավ պաշտպանվել: Արդեն 5 խաղ է` այդ թիմը գնդակ բաց չի թողնում: Լարված խաղ է լինելու, և եթե մարզական բախտը մեզ ժպտա, մենք կհաղթենք:
Այն, որ Հայաստանում ֆուտբոլը զարգանում է, փաստ է: Այն ֆուտբոլիստները, ովքեր այսօր խաղում են հավաքականում, հանդես են գալիս արտասահմանյան ակումբներում: Գործնականում երեք ֆուտբոլիստներ են հայաստանյան ակումբներ ներկայացնում: Իսկ դրսի ակումբներում ընդգրկված խաղացողներն ավելի լավ են պատրաստվում, առավել բարձրակարգ առաջնություններում են խաղում, ինչը, բնականաբար, նպաստում է վարպետության կատարելագործմանը: Աշխատանքներ կատարվում են մեր ֆուտբոլում, և արդյունքն էլ առկա է:
Ես կարծում եմ, որ եթե մեր ֆուտբոլիստներն այսօր պրեսինգ կիրառեն, ինչպես սլովակների հետ խաղում, մրցակցի համար դժվար կլինի: Խաղադաշտի կենտրոնում մերոնք լավ էին գործում Սլովակիայի հետ հանդիպման ժամանակ, խլում էին գնդակը և մրցակցին հնարավորություն չէին տալիս ազատ շարժվել: Այդպես է պետք գործել նաև այսօր:
Եթե անկեղծ լինենք, պաշտպանությունը փոքր-ինչ թույլ է: Արդյունքում մեր թիմի դարպասի մոտ ստեղծվում են վտանգավոր պահեր: Սլովակները չխփեցին, մեզ բախտը ժպտաց, հետո մենք խփեցինք և առավելություն ստացանք: Բոլոր օղակներում պետք է բարձրակարգ ֆուտբոլիստներ ունենանք: Այնպիսիք, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը: Նրանք հզորություն ու միտք հաղորդեցին թիմի հարձակողական գործողություններին: Բարձր է այդ ֆուտբոլիստների կատարողական վարպետությունը: Վերջին` մակեդոնացիների հետ խաղում Մխիթարյանը շատ գեղեցիկ գոլ խփեց: Ըստ իս` պաշտպանությունում նույնպես պետք է նման բարձրակարգ խաղացողներ լինեն:
Եթե առաջինը գոլ խփենք, կհաղթենք: Հոգեբանորեն պատրաստ պետք է լինես: Այնքան էլ հեշտ չէ հաղթել վճռորոշ խաղում: Այսպիսի դեպքերում առաջին պլան է մղվում փորձը, ավելի ճիշտ` հաղթողի փորձը: Օրինակ` Մխիթարյանը հաղթում է «Շախտյորում»: Եվ բոլորն էլ այսօր պետք է կարողանան հաղթողի հոգեբանություն, ոգի ցուցադրել»,- նշեց Արկադի Անդրեասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում