Համաժողով. Ինչպե՞ս նվազեցնել մանկական մահացությունը
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող «Մանկական մահացության նվազեցման ուղիները. ռուսաստանյան փորձ» խորագրով առաջին միջազգային համաժողովին, որն ընթանալու է մինչև հոկտեմբերի 13-ը: Այս մասին տեղեկացանք ԱՆ պաշտոնական կայքից:
Վերջին տարիներին Ռուսաստանի Դաշնությունում մանկական մահացության ցուցանիշները զգալի նվազել են: Ռուսական կողմը, նպատակ ունենալով իր ակտիվ ներդրումն ունենալու 2010թ. Կանադայում կայացած «Մեծ ութնյակի» մասնակից-պետությունների առաջնորդների գագաթաժողովի ժամանակ ընդունված մուսկովյան նախաձեռնության իրականացման գործընթացում, սերտ համագործակցություն է ծավալել շահագրգիռ երկրների կառավարությունների հետ և ձեռնամուխ եղել հնգամյա գիտաուսումնական ծրագրի իրականացմանը, որը կներկայացնի ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային փորձը` մանկական մահացության իջեցման գործում: Ծրագրի շրջանակներում հաստատվելու են երկարաժամկետ կապեր Ռուսաստանի և գործընկեր-երկրների համապատասխան բժշկական հաստատությունների միջև:
Վերոնշյալ ծրագրի իրականացման առաջին քայլը միջազգային համաժողովի կազմակերպումն էր, որի հիմանական նպատակը կիրառական և ռազմավարական բնույթի խորհրդատվության իրականացումն է` հաշվի առնելով համագործակցող երկրների առանձնահատկությունները:
Համաժողովի շրջանակներում կազմակերպվում են նաև գիտագործնական ուսումական սեմինարներ` ռուս և արտասահմանցի մասնագետների մասնակցությամբ:
Միջազգային համաժողովին հրավիրված են «Մեծ ութնյակի» պետությունների, Ասիայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրների առողջապահության նախարարները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ղեկավարները: