Ադրբեջանցի փորձագետ. «Եվրատեսիլ-2012»-ը՝ նավթային եկամուտները մսխելու առիթ
Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Գուբադ Իբադօղլուն Բաքվում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ այսօրվա դրությամբ` մրցույթից 7 ամիս առաջ, «Եվրատեսիլ-2012»-ի համար Ադրբեջանի կառավարությունն ընդհանուր առմամբ արդեն 318 մլն մանաթ (336 մլն եվրո) է ծախսել:
«Ենի Մուսավաթ»-ի փոխանցմամբ` Գ.Իբադօղլուն ասել է, որ «Եվրատեսիլ-2012»-ին նախապատրաստվելու նպատակով Բաքու-Էլաթ մայրուղու Բայիլի հատվածից մինչև Դրոշի հրապարակ 2 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման և վերաշինման համար կառավարությունը 65 մլն մանաթ (78 մլն դոլար), Դրոշի հրապարակի բարեկարգման և տարածքի էներգետիկական ենթակառուցվածքի ստեղծման համար էլ 55 մլն դոլար է հատկացրել:
«Կոռուպցիայի նշաններն այժմվանից երևում են. Բայիլում 1 կմ ճանապարհի նորոգման համար 41 մլն մանաթ է (49 մլն դոլար) ծախսվելու: Միայն Դրոշի հրապարակի հետ կապված ծախսերը գերազանցում են 120 մլն մանաթը (140 մլն դոլար): Դրա մեջ չի մտնում մրցույթի անցկացման համար նոր համերգասրահի շինարարությունը: Բաքվի շենքերի նորոգման, արտաքին լուսավորման և բնակչության տեղափոխման հետ կապված` այս տարվա երկրորդ կեսի համար 198 մլն մանաթ է (240 մլն դոլար) հատկացվել: Միջազգային փորձի համաձայն` 1 կմ ճանապարհի` զրոյից կառուցումը 5-6 մլն դոլար արժե:
Խոսքը ոչ թե զրոյից սկսելու, այլ գործող ճանապարհի 2 կմ հատվածի վերանորոգման մասին է: Եթե 2 կմ ճանապարհի վրա 65 մլն մանաթ կամ մոտ 82 մլն դոլար է ծախսվում, պարզ է, որ այստեղ խոսքը ֆանտաստիկ` 7 անգամ ավելի գումարի մասին է: Կարծես կառավարությունը նավթադոլարները շտապ կերպով մսխելու առիթ էր որոնում, ինչն էլ հանդիսացավ «Եվրատեսիլ-2012»-ը: Եթե մրցույթից 7 ամիս առաջ Ադրբեջանն արդեն 336 մլն եվրո է ծախսել, ապա «Եվրատեսիլ-2012»-ի կազմակերպումը Բաքվի վրա 1 մլրդ դոլար կնստի»,-եզրակացրել է փորձագետը` նշելով, որ մինչ այժմ «Եվրատեսիլ»-ի մրցույթի անցկացման համար, մյուս բոլոր երկրների համեմատ, ամենաշատը` 47 մլն դոլար, Գերմանիան է ծախսել:
«Ուկրաինան էլ է Ադրբեջանի նման հետխորհրդային երկիր, բայց մրցույթի վրա ընդամենը 22 մլն եվրո է ծախսել` այն դեպքում, երբ Ադրբեջանը 1 կմ ճանապարհի նորոգման համար 34 մլն եվրո է նախատեսում, սակայն պաշտոնական վիճակագրության համաձայն` այս երկրի յուրաքանչյուր 10 հոգուց մեկը աղքատ է», -գրում է «Ենի Մուսավաթը»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են