Ermenihaber.am. Հայկական դպրոցի դռանը փակցված «Ինչ երջանիկ է նա, ով ասում է թուրք եմ» գրությամբ ցուցանակը փոխվել է
Օրերս «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը հարց էր բարձրացրել այն մասին, որ Թուրքիայի Ստամբուլի քաղաքի Շիշլի թաղամասի հայկական կաթոլիկ դպրոցի դռանը փակցված է «Ինչ երջանիկ է նա, ով ասում է թուրք եմ» գրությամբ ցուցանակ: Հարց էր ծագում` ինչո՞ւ է հայկական դպրոցի դռանը գրված «Ինչ երջանիկ է նա, ով ասում է թուրք եմ», այն դեպքում, երբ Թուրքիայում գործող հայկական դպրոցում, կամ առհասարարակ այլ ազգային փոքրամասնություններին պատկանող որևէ դպրոցում թուրք երեխաներ չեն սովորում: Նույնիսկ ոչ բոլոր թուրքական դպրոցների դռներն են այս ցուցանակով «զարդարված»:
«Ermenihaber.am»-ը տեղեկացնում է, որ այսօր խմբագրությունը թուրքական «LAF» (Թուրքիայի վարժարանների խնդիրներով զբաղվող կազմակերպություն)-ից նամակ է ստացել այն մասին, որ «LAF»-ի ջանքերի արդյունքում վերոնշյալ ցուցանակը փոխվել է: Նախկին «Ինչ երջանիկ է նա, ով ասում է թուրք եմ» գրությամբ ցուցանակի փոխարեն այժմ փակցված է հետևյալը. «Ինչ երջանիկ է նա, ով ասում է ժողովուրդների եղբայրություն»:
Հետաքրքիր է, որ կազմակերպության կողմից ուղարկված նամակում տեղ է գտել հետևյալ արտահայտությունը. «1915թ ցեղասպանության ընթացքում 1.5 միլիոն հայերի կոտորած Թուրքիան այսօր էլ դպրոցներում իր պարտադրած կրթությամբ շարունակում է քուրդ, հայ և այլ ժողովուրդների ասիմիլացիան»:
Հիշեցնենք, որ ցուցանակի առկայությամբ հատկապես անհանգստացած էին դպրոցում սովորող աշակերտների ծնողները: Նրանցից մեկի հայրը` Սասուն էսթուկյանը, հայտարարել էր, որ դա հայերին և այդ դպրոցում սովորող երեխաներին ուղղված բաց ուղերձ է:
Ծնողներից մեկն էլ` Ֆիլոր Ուլուքը, ասել էր. «Մի ազգ, որին ստիպում են մերժել սեփական ազգությունը, ինչպե՞ս կարող է իր մայրենի լեզուն սովորել: Ամեն օր ասել «թուրք եմ». սա ամենամեծ ասիմիլացիան է: Սա էթնիկ ցեղասպանություն է: Այս ամենի պատճառով մեր երեխաները մեզ չեն հարգում: Երեխաս ինձ ասում է. «Դու ստախոս ես: Ասում ես, թե հայ ենք, բայց դպրոցում մեզ թուրք են ասում»:
Թուրք իրավաբան Էրդալ Դողանը, բացատրելով այս երևույթը նշում է, որ սա 150 տարի տևող ռասիստական քաղաքականություն է և ավելացնում. «Նույնիսկ կան հայկական դպրոցներ, որոնք Հայոց ցեղասպանության հետ առնչություն ունեցողների անուններով են կոչվում: Օրինակ` հայկական մի դպրոց կրում է Թալեաթ փաշայի անունը, իսկ հայերով բնակեցված մի պողոտա կոչվում է «Էրգենեքոնի պողոտա»: Այս ազգային խտրականության դրսևորումները վերացնելու համար, նոր սահմանադրություն է պետք կազմել: Հայկական դպրոցի դռանը կախված ցուցանակը Լոզանի պայմանագրի և ՄԱԿ-ի կոնվենցիաների խախտման վառ օրինակ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին