Անվճար սնունդ 100 ուսանողների. Ծրագիրը շարունակական կլինի
Այսօր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում մեկնարկեց բուհի սոցիալապես անապահով շուրջ 100 ուսանողներին անվճար սննդով ապահովելու ծրագիրը։ Այն մեկնարկեց համալսարանի ուսխորհրդի, արհեստակցական կազմակերպության կոմիտեի և «Արարատբանկ» ԲԲԸ-ի կողմից նախապես ստորագրված համագործակցության մասին հուշագրի հիման վրա։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ ծրագիրը կյանքի է կոչվել ուսանողների առաջարկով և նրանց ջանքերով։ Ուսանողները սննդի դիմաց վճարումներ կկատարեն համապատասխան բանկային քարտերի միջոցով, ինչն ավելի քաղաքակիրթ է դարձնում բուհի բուֆետից օգտվելու կարգը։ Ուսխորհրդի նախագահի խոսքով՝ ծրագիրը շարունակական է, և հաջորդ քայլը լինելու է այն, որ անվճար սննդից օգտվելու հնարավորություն կտրվի համալսարանի բոլոր ուսանողներին։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը ողջունել է այս նախաձեռնությունը։ Նրա տեղեկացմամբ՝ հիմնադրամը, որ ուսանողության շրջանում իրականացնում է բազմաթիվ սոցիալական ծրագրեր, հետևելու է այս ծրագրի արդյունքներին։
«Հաջող արդյունքի դեպքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ապահովելու է ծրագրի շարունակականությունը, քանի որ սոցիալապես անապահով ուսանողների կողքին լինելը բխում է հիմնադրամի որդեգրած քաղաքականությունից։ Հիմնադրամն աջակցելու է ծրագրին ոչ միայն ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շրջանակներում, այլև հանրապետության բոլոր բուհերում»,- նշել է Կարեն Ավագյանը։
Նա նաև ավելացրել է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը պատրաստում է սոցիալական փաթեթ, որով հիմնադրամն ուսանողներին կաջակցի ոչ միայն սննդի, այլև դեղորայքային ապահովման, առողջապահական ծառայությունների հարցում։ «Այստեղ կարևորագույն խնդիրն այն է, որ իրականում ծրագրից օգտվեն այն մարդիկ, ովքեր դրա կարիքն իրոք ունեն։ Այս հարցում շատ մեծ է ուսանողական խորհրդի դերը, որը պետք է կարողանա առանձնացնել թիրախային խմբերին»,- ասաց Կարեն Ավագյանը։
Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը Հայաստանում առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որ հանդես է գալիս նման նախաձեռնությամբ։ Բուհի սոցիալապես անապահով շուրջ 100 ուսանողների յուրաքանչյուր աշխատանքային օր կտրամադրվի անվճար սնունդ։ Յուրաքանչուր կիսամյակ անվճար սննդից օգտվող ուսանողների ցանկը կթարմացվի։ Ուսանողի կողմից օրվա սննդից չօգտվելու դեպքում չօգտագործված սննդի գումարը մնում է անվանական քարտի հաշվին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան