ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքին մեկուկես մարդ է լինելու
Անդրադառնալով ՀԱԿ-ի ավարտված շուրջօրյա հանրահավաքին` «Голос Армении»-ն գրում է, որ Լ. Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե 8 օրվա ընթացքում Կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքին 100 հազար մարդ է մասնակցել, ակնհայտ ստախոսություն է, իսկ իրականություն այն է, որ հոկտեմբերի 8-ին հրապարակում ավելի քիչ մարդ կար, քան սեպտեմբերի 30-ին, իսկ հոկտեմբերի 28-ին ՀԱԿ հանրահավաքին մեկուկես մարդ է լինելու: «Ամբողջ ամառ և աշուն ՀԱԿ-ը միայն մեկ խնդիր էր հետապնդում` ժողովրդին բերել Թատերական հրապարակ: Պարոնայք բազում ջանքեր էին գործադրում, սակայն ապարդյուն. ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ինչն է ՀԱԿ-ի մոտ «սկսվել»»,- նշում է թերթը և հավելում, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը 5-10 օր ժամկետ էր սահմանել Կոնգրեսի անօրինական հանրահավաքի համար, իսկ Տեր-Պետրոսյանը տեղավորվեց 8 օրում:
Մեկնաբանելով ԼՏՊ-ի հայտարարությունն առ այն, թե ՀՀԿ-ն ֆաշիստական գաղափարախոսություն ունեցող կուսակցություն է` հոդվածագիրը հիշեցնում է. «1995թ-ին, երբ Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀՀՇ-ն պետք է «Հանրապետություն» անվան ներքո մասնակցեր խորհրդարանական ըտրություններին, անձամբ Տեր-Պետրոսյանի հանձնարարությամբ` Հանրապետական կուսակցությանը, որն այն ժամանակ գլխավորում էր Աշոտ Նավասարդյանը, առաջարկեցին միանալ ՀՀՇ-ին: Այսինքն` իր նախագահության օրոք Լ. Տեր-Պետրոսյանը քաղաքական նախընտրական ալյանս էր ձևավորել «ֆաշիստական գաղափարախոսություն» ունեցող կուսակցության հետ»: