Սարկոզին ցույց տվեց, որ գերտերություններն այլևս չեն վստահում Թուրքիային
«Գրեթե միշտ ինքնահավան և վստահ տեսք ունեցող Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն շատ խղճուկ տեսք ուներ, երբ ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչին` կմկմաց, թե դրանով Նիկոլա Սարկոզին խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- գրում է «Голос Армении»-ն:
Թերթը նշում է, որ Անկարան և Բաքուն կարծում էին, թե իրենց էներգետիկ ներուժը թույլ կտա հավերժ «հիմարացնել» աշխարհի գերտերություններին` անտեսելով հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂ հիմնահարցը միմյանց հետ չկապելու հորդորները: Եվ ահա, երկու տարվա լռությունից հետո Ֆրանսիայի նախագահը հստակ հասկացրեց Անկարային, որ աշխարհաքաղաքականության խոշոր խաղացողներն այլևս չեն վստահում Թուրքիային: Ըստ թերթի` Անկարան այլևս չի կարող հայ-թուրքական հարաբերությունները Հայոց ցեղասպանության ժխտման պատրվակ դարձնել. «Նիկոլա Սարկոզին հստակ հասկացրեց, որ եթե Թուրքիան շարունակի ժխտել սեփական պատմությունը, այն է` Ցեղասպանության փաստը, ապա Ֆրանսիան կընդունի Ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքը»: