Սերգեյ Պողոսյան. «Մեր հարձակողական ներուժը շատ բարձր է: Դրա շնորհիվ կհաղթենք»
«Արարատ-73»-ի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Սերգեյ Պողոսյանը «Հենարան» մամուլի ակումբում այսօր խոսեց Իռլանդիա-Հայաստան հանդիպումից իր ակնկալիքների մասին: Նա շեշտեց, որ մեր ընտրանին ցուցադրում է ժամանակակից կոլեկտիվ և արագ ֆուտբոլ ու դրա շնորհիվ այյսօր պետք է հաղթանակ տոնի:
«Մեր հավաքականի վերջին հանդիպումները, իրոք, բոլորիս ուրախացրել են,- հայտարարեց Սերգեյ Պողոսյանը:- Նրա կատարմամբ մենք բովանդակալից և գեղեցիկ ֆուտբոլ ենք տեսնում: Անկասկած, դա գլխավոր մարզչի և ֆուտբոլիստների վաստակն է: Ինչի հասել են, հասել են իրենց քրտինքի, իրենց վարպետության շնորհիվ:
Իրոք, Դուբլինում այսօր կայանալիք հանդիպումը շատ ծանր է լինելու: Մրցակիցը ուժեղ թիմ է, սակայն մեր հավաքականը նույնպես թույլ չէ: Ես կարծում եմ, որ Հայաստանի ընտրանին ցուցադրում է ժամանակակից կոլեկտիվ ֆուտբոլ, բոլոր օղակները լավ են փոխապահովում միմյանց, և դա հույս է ներշնչում, որ մենք այսօր կհաղթենք: Տղաները ոգևորությամբ կխաղան, և եթե մարզական բախտն էլ մի քիչ ժպտա մեզ, ամեն ինչ պետք է լավ լինի:
Ամենագլխավորն այն է, որ մեր թիմը, ինչպես երբեք, այսօր կոլեկտիվ ֆուտբոլ է ցուցադրում: Իսկ դա Վարդան Մինասյանի վաստակն է: Նա ստեղծեց թիմը, համախմբեց տղաներին: Ֆուտբոլիստները կատարում են նրա մշակած ռազմավարությունը, մարտավարությունը, պահպանում են խաղային կարգապահությունը: Մեր հարձակողական ներուժը շատ բարձր է: Դրա շնորհիվ կհաղթենք:
Ֆուտբոլը միշտ հենվում է թիմային աշխատանքի վրա: Մեկը մյուսին լրացնում է: Կարելի է հրավիրել 11 Պելեի, բայց թիմը կարող է չխաղալ: Անկասկած, մեր ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի անհատական որակները շատ մեծ նշանակություն ունեն: Այո, երևում է, որ պաշտպանությունում որոշ խնդիրներ կան, բայց հիմա ոչինչ փոխել հնարավոր չէ, և թիմային գործողությունների հաշվին Հայաստանի հավաքականը պետք է հաղթի` ցուցադրելով լավ ֆուտբոլ:
Գլխավորը մեկնարկում գոլ բաց չթողնելն է: Մեր ֆուտբոլիստները, ինչպես բոլոր հայերը, սիրում են հարձակվել և գոլ խփելու հնարավորություն անպայման կունենան»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում