Այսօր հրապարակվելու է Տիմոշենկոյի դատավճիռը
Այսօր Կիևում հրապարակվելու է ուկրաինայի նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի դատավճիռը: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: Տեղեկատվության համաձայն, Տիմոշենկոյին արդեն ուղեկցել են դատական նիստերի դահլիճ: Վաղ առավոտից Կիևի Պեչերսկի դատարանի մուտքի մոտ հավաքվել են ընդդիմադիր գործչի մի քանի հարյուր կողմնակիցներ:
Հիշեցնենք, դատական գործով մեղադրող կողմը 7 տարվա ազատազրկում էր պահանջել Տիմոշենկոյի համար: Բացի այդ, դատախազը պահանջել էր դատարանից երեք տարով զրկել Տիմոշենկոյին պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից և 150 միլիոն եվրո գումարի չափով տուգանք գանձել «Նավթոգազ Ուկրաինա» ընկերությանը պատճառած վնասի համար:
Յուլիա Տիմոշենկոյին ուկրաինական դատարանը մեղադրում է 2009 թ-ի հունվարին ռուս-ուկրաինական գազային պայմանագրերի ժամանակ սեփական լիազորությունները չարաշահելու համար: Մեղադրող կողմի պնդմամբ, Տիմոշենկոն անձամբ է դրդել պետական «Նավթոգազ Ուկրաինա» ընկերությանը պետության շահերին դեմ պայմանագրեր ստորագրելու հարցում` առանց կառավարությանը համապատասխան իրազեկման: