Ռահիմ Հաջիև. Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է հերթական անգամ խաբել Եվրոպային
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն եկող տարի մայիսին Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012»-ի հետ կապված` Եվրոպայի հեռարձակման միությանը հղած նամակում հավաստիացրել է, որ ապահովելու է Ադրբեջան ժամանող արտասահմանցիների անվտանգությունը, հազարավոր արտասահմանցի հյուրերի համար հեշտացնելու է Ադրբեջան մուտքի արտոնագիր ստանալու գործառույթը: Նամակում ասվում է, որ 57-րդ «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ ապահովելու է արտասահմանցի լրագրողների և երկրպագուների` Եվրոպայի մարդու իրավունքների համաձայնագրին համապատասխան ազատ արտահայտվելու և հավաքվելու ազատությունները:
«Ազադլիգ» թերթը գրում է, որ Ադրբեջանի վարչապետի նամակում հետաքրքրություն առաջացնող հանգամանքը մրցույթի ժամանակ որպես լրագրողներ և երկրպագուներ Բաքու ժամանող մարդկանց խոսքի և ազատ արտահայտման իրավունքի ապահովման հետ կապված խոստումներն են:
«Պետք է նշել, որ եվրոպական կառույցները Ադրբեջանի կառավարությանը բազմիցս կոչ են արել հարգել մարդու հիմնարար իրավունքները, վերջ դնել քաղաքացիների ունեցվածքի իրավունքների զանգվածային ոտնահարմանը և ապահովել քաղաքական ազատությունները: Իսկ վարչապետի խոստումները վերաբերում են միայն հյուրերի իրավունքներին, ովքեր ոչ մի մրցույթի ժամանակ էլ որևէ երկրում նման պահանջներով հանդես չեն եկել:
«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները Բաքվին նման կոչ են արել Ադրբեջանում քաղաքացիների հիմնարար իրավունքների կոպտորեն խախտվելու պատճառով: Իր քաղաքացիների իրավունքները չճանաչող Ադրբեջանի կառավարությունը նման երաշխիք տալիս է միայն հյուրերին, ինչը չի կարող բավարարել եվրոպական կառույցներին»,- գրում է թերթը:
Քաղաքական փորձագետ Ռահիմ Հաջիևը թերթի հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունը հերթական անգամ գործում է իր բնավորությանը համապատասխան:
«Չնայած Եվրոպան Ադրբեջանից պահանջում է մինչև մրցույթը ապահովել իր քաղաքացիների հիմնարար ազատությունները, իշխանությունը ցանկանում է դուրս գալ իրավիճակից ինչ-որ կիսատ-պռատ որոշումով: Ադրբեջանի իշխանությունն ամբողջ աշխարհում ճանաչված է որպես քաղաքացիների հիմնարար ազատությունները, հատկապես ունեցվածքի իրավունքները կոպտորեն խախտող կառավարություն: Սակայն Ադրբեջանի կառավարությունը հերթական անգամ գործում է իր բնավորությանը համապատասխան և չի ցանկանում կատարել այդ պահանջները»,- հայտարարել է փորձագետը` նշելով, որ իշխանության այդ կիսատ որոշումը չի կարող դրական ընդունվել և այդ հարցի հետ կապված` Եվրոպայի ու ադրբեջանական կառավարության միջև բավականաչափ լուրջ դժգոհություններ են ի հայտ գալու:
Նշենք, որ գերմանական «Շպիգել» հանդեսը «Եվրատեսիլ-2012»-ի հետ կապված հոդվածում անդրադարձել է Ադրբեջանում հակադեմոկրատական մթնոլորտի առկայության, ոստիկանության` մարդկանց նկատմամբ ճնշումներին, մարդու իրավունքների հետ կապված պայմանների բացակայության խնդիրներին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են