Հովիկ Մուսայելյան. Մեր հիմնական բնական ռեսուրսը մեր տաղանդաշատ երիտասարդությունն է
«Արդեն 7 տարի է, ինչ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գիտելիքների մեծ պոտենցիալ ցուցաբերած երիտասարդներն արժանանում են ՀՀ նախագահի ամենամյա մրցանակներին։ Այս մրցանակաբաշխության հիմնական առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի մենք կարողանանք երկրի տեխնոլոգիական ուղղվածության համալսարաններից բացահայտենք և խրախուսենք լավագույն ուսանողներին, ինչպես նաև աշակերտներին»,- հայտարարեց Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը` ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությանը:
Հ.Մուսայելյանի խոսքերով` 2005թ.-ից սկսած մրցանակաբաշխությանը մասնակցել են հարյուրավոր ուսանողներ և աշակերտներ, որոնցից 139 ուսանողներ, ինչպես նաև 55 աշակերտներ արժանացել են ՀՀ նախագահի կրթական պարգևների:
«Չունենալով օգտակար հանածոներ մեր երկիրը ապավինում է գիտահենք տնտեսությանը, և մեր հիմնական հարստությունը մեր ժողովուրդն է, նրա ինտելեկտուալ պոտենցիալը, իսկ մեր հիմնական բնական ռեսուրսը մեր տաղանդաշատ երիտասարդությունն է»,- ասաց Սինոփսիս Արմենիայի տնօրենը:
Հ. Մուսայելյանը վստահություն հայտնեց, որ վաղն այդ երիտասարդները կհամալրեն մեր երկրի տնտեսական, գիտական և քաղաքական էլիտան:
«Այսօրվա մրցանակաբաշխությունը տարբերվում է նրանով, որ ընտրող հանձնաժողովը հարցազրույցների ընթացքում առավել ուշադրություն է դարձրել մասնակիցների հայրենանվեր վարքին, այսինքն` նրանց հայրենասիրության դրսևորումներին, արժեքներին և նրան, թե որքանով են նրանք իրենց ապագան կապում այս երկրի հետ»,- նշեց Հ.Մուսայելյանը:
Նա նաև ընդգծեց, որ հաղթողներն աչքի են ընկնում իրենց գիտելիքներով, մտածելու և դատելու կարողությամբ: Հ. Մուսայելյանը հավաստիացրեց, որ արդյունքներն այս յոթ տարիների ընթացքում լավանում են: «Նախորդ տարիների համեմատ նկատելի է, որ երիտասարդներն այսօր շատ ավելի են կարդում»,- ասաց Հ.Մուսայելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին