Բրունո Դյութուա. «Հայաստանյան հեռահաղորդակցության շուկան զարգանում է համաշխարհային միտումներին համաքայլ»
«ԱրմԹեք Կոնգրես 2011» համաժողովի ժամանակ «Orange Արմենիա» ընկերության Գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան հանդես է եկել «Համաշխարհային միտումները հեռահաղորդակցության ոլորտում» թեմայով զեկույցով: Այն ներկայացնում էր ոչ միայն չափազանց արագ զարգացող այս ոլորտի էկոհամակարգը և ոլորտի առանցքային դերակատարներին ամբողջ աշխարհում, այլ նաև տվյալներ ամբողջ աշխարհում և Հայաստանում այս ոլորտի ծառայություններից օգտվողների «վարքագծի» և օգտագործման քանակական ցուցանիշների մասին:
Ընկերությունից մասնավորեցնում են, որ Բրունո Դյութուան ներկայացրել է տվյալներ շարժական լայնաշերտ կապի օգտագործման շարունակական աճի մասին. 2011թ. առաջին կիսամյակում այդ ցուցանիշն աճել է 77 տոկոսով:
Համաշխարհային ցուցանիշների համաձայն` շարժական կապի միջոցով տեսանյութերի փոխանցման ծառայությունների ծավալը կազմում է 39 տոկոս, ընդ որում` միայն YouTube կայիքն բաժին է հասնում նշվածի 22 տոկոսը: Ըստ համաշխարհային ցուցանիշների` յուրաքանչյուր հաճախորդի մասով 3G մոդեմով իրականացված ներբեռնման/վերբեռնման միջին ամսական ծավալը կազմում է 2ԳԲ: Հետաքրքրական է այն փաստը, որ Հայաստանում Orange-ի ինտերնետ ծառայություններից օգտվողների պարագայում վերոհիշյալ ցուցանիշը 4 անգամ ավելի բարձր է: Հայաստանում իրենց Ինտերնետ Հիմա մոդեմով ինտերնետ ծառայություններից օգտվող 67,000 բաժանորդներից յուրաքանչյուրն ամսական սպառում է միջինում 7-8ԳԲ:
Տվյալների փոխանցման շարժական ծառայությունների օգտագործման այս կտրուկ աճը կփոխի նաև օպերատորների բիզնես մոդելը: Նախատեսվում է, որ միայն 3 տարի անց օպերատորների կողմից շարժական ծառայություններից ստացվող եկամուտների 44 տոկոսը կստացվի միայն տվյալների փոխանցման ծառայություններից, ի տարբերություն 2006թ. գրանցված 22 տոկոսի:
Պատասխանելով լրագրողների հարցերին` կապված Ֆրանս Տելեկոմ Խմբի նախագահ Ստեֆան Ռիշարի կողմից արված այն հայտարարության հետ, թե հնարավոր է արդյոք, որ Orange-ը մուտք գործի հայասատանյան օպտիկամանրաթելային կապի շուկա, Բրունո Դյութուան պարզաբանել է, որ նշվածը վերաբերում էր միջազգային կապուղիներին, և որ գաղափարը դեռևս քննարկման առաջին փուլում է և դեռ պետք է որոշակի գնահատականներ ստանա: