Հայփոստ մարաթոն. երրորդ բացումը Մալաթիա-Սեբաստիա համայնքում էր
«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրի եզրափակիչ փուլն իր ակտիվ ընթացքի մեջ է: Գրեթե ամեն օր տեղի է ունենում փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողություն: Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սվաճյան 32 հասցեում տեղի է ունեցել թիվ 0034 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:
Արարողությանը ներկա էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաև` թաղամասի բնակիչներ: Պրն Օհանյանը, շնորհակալություն հայտնելով «Հայփոստ»-ի ղեկավարությանը, կարծիք հայտնեց, որ վերջին շրջանում, իր դիտարկմամբ, «Հայփոստ»-ի յուրաքանչյուր բացվող բաժանմունք նախորդից ավելի լավն է լինում: «Ոչ միայն իմ, այլև քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունից, ինչպես նաև մեր բնակիչների կողմից շնորահակալություն եմ հայտնում «Հայփոստ»-ի ղեկավարությանը այս շնորհակալ գործի համար»:
«Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, իր հերթին, նշել է. «Այսօր ընթանում է ոչ միայն «Հայփոստ մարաթոն 2011» բաժանմունքների նորացման ծրագիրը, այլև` «Հայփոստ Թրասթ մենեջմենթ»-ի ղեկավարությամբ արդեն մեկնարկել է «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր, որի հետևանքներն առաջիկայում կզգան «Հայփոստ»-ի բոլոր այցելուներն ու հաճախորդները»:
«Հայփոստ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամաբ, Սվաճյան 32 հասցեում գործող թիվ 34 բաժանմունքի նորացումը ոչ միայն ակնառու է այցելուների, այլև` ամբողջ թաղամասի բնակչության համար: Տասնյակ տարիներ առաջ անմիջապես մուտքի հատվածում տեղկայված էր կենդանի ձկան խանութ, որը թեպետ վերջին տարիներին արդեն չէր գործում, ակնհայտորեն աղավաղում էր ամբողջ թաղամասի տեսքը: Այժմ նորացման արդյունքում «Հայփոստ»-ի թիվ 34 փոտային բաժանմունքը թաղամասի այդ հատվածին քաղաքին հարիր տեսք է տալիս:
Ամբողջությամբ նորոգվել և նոր բրենդին է համապատասխանեցվել բաժանմունքը, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:
«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրով մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:
Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին