Սերգեյ Պողոսյան. «Բերեզովսկու հեռացումը մրցավարական սխալների գագաթնակետն էր»
Այսօր «Նովոստիում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ, ֆուտբոլի վետերանների միության նախագահ Սերգեյ Պողոսյանը անդրադարձավ Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի վերջին` Իռլանդիայի ընտրանու հետ Հայաստանի հավաքականի հանդիպմանը:
«Իհարկե, գիտեինք, որ դժվար խաղ է լինելու, որ մեզ միայն հաղթանակ է հարկավոր: Մեր թիմը բավական ուժեղ է և հանդիպումը սկսեց շատ ճիշտ սխեմայով: Իռլանդացիները կոպիտ էին խաղում: Հույս ունեինք, որ մերոնք կհաղթեն: Մինչ այդ Հայաստանի հավաքականն արդեն լավ հանդիպումներ էր անցկացրել և ապացուցել էր, որ ի վիճակի է դուրս գալ անցումային փուլ: Արդյունքը` մի կողմ: Ես խոսում եմ խաղի որակի, ոճի մասին, որը բավական լավ մակարդակի վրա է: Էլ չեմ ասում խփած գոլերի մասին: Ես հարգում եմ մեր թիմի մարզչին, լավ մասնագետ է և համեստ մարդ: Արդեն մեծ փորձ ունի:
Խաղը լավն էր, բայց ինչո՞ւ պարտվեցինք: Մեր ֆուտբոլի պատիվն այս խաղից հետո ավելի բարձրացավ, հավաքականը բարձր պահեց մեր երկրի հեղինակությունը: Մեր ֆուտբոլիստները, անկախ այն բանից, թե ինչպես էր դասավորվում խաղը, խաղացին մինչև վերջ և հատկապես 10 հոգով շարունակում էին մղվել առաջ: Սա ամենակարևորն է:
Մրցավարը շատ վատ դատեց: Նրա շատ որոշումներ ուղղակի սխալ էին: Բերեզովսկու հեռացումը այդ սխալների գագաթնակետն էր: Գնդակը դիպել էր մեր դարպասապահի կրծքին, այլ ոչ թե դեմքին: Մինչդեռ դրանից առաջ իռլանդացի հարձակվողը, ինչպես հետո խոստովանել է, ձեռքով է խաղացել: Եվ եթե նույնիսկ Ռոմանը ձեռքով խաղար, արդեն խախտում եղել էր մրցակցի կողմից»,- հայտարարեց Սերգեյ Պողոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում