Երևանում այսօր բացվեց Սինոփսիս Արմենիա ուսումնական դեպարտամենտի նոր գերժամանակակից մասնաշենքը
Երևանում այսօր բացվեց Սինոփսիս Արմենիա ուսումնական դեպարտամենտի նոր գերժամանակակից մասնաշենքը: ՍԱՈՒԴ-ի նոր մասնաշենքը կառուցված է գերազանց ուսումնական միջավայր ստեղծելու համար բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով` երկրի և աշխարհի առաջատար բուհերի կողմից ընդունված ամբողջական ուսումնական ծրագրով, Սինոփսիսի գերժամանակակից արդյունաբերական ԷՆԱ ծրագրային ապահովմամբ և Ուսումնական նախագծման փաթեթով և ուսանողների համաշխարհային մակարդակի կրթությունն ապահովող բարձրորակ ու փորձառու ֆակուլտետով:
Այն տրամադրում է 5 գերժամանակակից լսարաններ, որոնցից յուրաքանչյուրը համալրված է համարգչային տեխնիկայով և պրոեկցիոն սարքավորումներով. նախատեսված է 25 ուսանողի համար: Յուրաքանչյուր ուսանողի համար կա առանձին համակարգիչ, որը ցանցային մուտք ունի Սինոփսիսի առաջնակարգ ԷՆԱ գործիքներին:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, նոր մասնաշենքում տեղակայված է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի միջֆակուլտետային ամբիոնը, որտեղ ներկայումս ուսանում են ավելի քան 200 ուսանողներ: «Սա տեխնոլոգիական կրթական միջավայր է, որտեղ ուսանողները սովորում են գերժամանակակից ծրագրային սարքավորումներով»,- ասաց Հ.Մուսայելյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքերով` Սինոփսիս-ԲՈՒՀ կրթական մոդելը «ապագայի մոդելներից» է, որը լավագույն տեխնոլոգիական կրթություն է երաշխավորում հայ երիտասարդների համար: Նա նշեց նաև, որ «եթե մեր գործարարները Սինոփսիս Արմենիա ընկերության 10 տոկոսի չափով գործունեություն ծավալեն, ապա մենք որակապես այլ կրթական համակարգ կունենանք»:
Սինոփսիսի նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն դոկտոր Չի Ֆուն Չանը նշեց, որ Սինոփսիսը Հայաստանում մեծ ծավալի գործունեություն է իրականացնում: Ըստ նրա` Սինոփսիս ընկերության ճարտարագետների 10%-ը Հայաստանում են: Բացի դրանից, Սինոփսիսի նախագահին գոհացնում է Հայաստանում կիրառվող կրթական ծրագիրը, ինչը, նրա բնորոշմամբ` բացառիկ է: «Ոչ մի երկրում Սինոփսիսը նման կրթական ծրագիր չունի»,- ասաց Չի Ֆուն Չանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Սինոփսիսը շարունակելու է հովանավորել և ներդրումներ կատարել Հայաստանի կրթական ծրագրերում: «Այն հնարավորություն կտա ուսանող ճարտարագետներին Սինոփսիսի արդյունաբերությանն ուղղված կոմերցիոն գործիքների օգնությամբ փորձ ձեռք բերել, և անհրաժեշտ հմտություններով մտնել աշխատաշուկա` բարձր տեխնոլոգիաների արագընթաց աշխարհի զարգացման մեջ իրենց ավանդն ունենալու համար»,- նշեց Չի Ֆուն Չանը:
Ըստ նրա` Սինոփսիս ընկերությունը ունենում է երկարաժամկետ տեսլական, քանի որ ամենադժվար աշխատանքը միշտ էլ երկար ժամանակ է պահանջում: «Մենք նոր աշխատողին տեսնում ենք 5 կամ 10 տարի հետո, ուստի մենք օգնում ենք համալսարանին կամ համալսարանն է օգնում մեզ»,- ընդգծեց Սինոփսիսի նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրենը` հավելելով, որ իրենք Հայաստանի ՏՏ ոլորտ մուտք են գործել մեկ նպատակով`երկարաժամկետ համագործակցություն հաստատել ՀՀ կառավարության և համալսարանների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է